Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանակետեր դնող Ադրբեջանի գործողություններն ուժի կիրառում է
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանում սահմանային լարված իրավիճակ է։
Այս թեմայով զրուցել ենք իրավաբանական գիտությունների թեկնածու, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ։
Հարցին, թե ի՞նչ փուլում ենք գտնվում, արդյոք տեղի ունեցողը սահմանագծմա՞ն ու սահմանազատմա՞ն սկիզբ է, ինչպես նշում են ոմանք` նախկին պատգամավորը պատասխանել է. «Դժվար է այդ հարցին առանց հույզերի պատասխանել, որովհետև Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանակետեր դնող Ադրբեջանի գործողություններն այլ կերպ չի կարելի որակել, քան ուժի կիրառում և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտում: Չգիտեմ՝ ով ինչպես է ընկալում, բայց այդ տարածքները Հայաստանի Հանրապետության տարածքներն են, ու որևէ տեղ, որևէ փաստաթղթում նշում չկա, որ դա Ադրբեջանի տարածքն է, հետևաբար դա բռնազավթում և օկուպացիա է Ադրբեջանի կողմից: Մեր իշխանության գործողություններն այդ ամենին՝ ինքներդ եք տեսնում և մեծ հաշվով, որակման անհրաժեշտություն էլ չկա, որովհետև շատ իշխանավորներ, հենց մեր օրենսդրությունը խախտելով, այնպիսի հայտարարություններ են անում, որ ճիշտ կլիներ Քրեական օրենսգրքի մի քանի դրվագներով պատասխանատվության ենթարկել նրանց»։
Անդրադառնալով ՄԻՊ-ի այն հաղորդագրությանը, որի համաձայն Անվտանգության խորհրդի հայտարարությունը կապված Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների հետ, խախտում է ՀՀ Սահմանադրության և մարդու իրավունքների միջազգային պահանջները Տարոն Սիմոնյանն ասաց. «Միանշանակ առկա է խախտում: ՄԻՊ-ը նշել մարդու իրավունքների տեսանկյունից ու Սահմանադրության երկրորդ գլխում ամրագրված՝ մեր քաղաքացիների իրավունքներն ու կոնվենցիոն իրավունքները, որոնք երաշխավորված են, այդ թվում՝ իմ նշած սեփականության իրավունքը, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է պաշտպանել և՛ Սահմանադրությամբ, և՛ այլ օրենքներով, մինչդեռ նույն Հայաստանի Հանրապետության գործադիր կամ օրենսդիր իշխանության որոշ պաշտոնատար անձինք իրենց հայտարարություններով, փաստորեն, հրաժարվում են նույն Հայաստանի Հանրապետության տրամադրած սեփականության իրավունքը պաշտպանելուց, ինչն ուղղակիորեն խախտում է: Խախտում է նաև Քրեական օրենսգիրքը՝ իմ նշած պատճառներով:»։
Սոնա Գիշյան