Դիմակն ընդունված է կրել այնպիսի տարածքներում, որոնք չեն օդափոխվում, մարդկային կուտակումներ կան. Մասնագետները՝ ՀՀ-ում դիմակը բաց տարածքում պարտադիր կրելու որոշման մասին
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԿորոնավիրուսի տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով նոյեմբերի 1-ից դիմակի կրումը պարտադիր է նաև հանրային բաց տարածքներում, հայտնել են Առողջապահության նախարարությունից:
Հանրային բաց տարածքներում դիմակ կարող են չկրել մինչև 5 տարեկան երեխաները, նախագահի, Ամենայն Հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահների գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողներն ու միջոցառման անմիջական մասնակիցները՝ բացառությամբ լրագրողների և սպասարկող անձնակազմի: Դիմակ կարող են չկրել նաև քրոնիկ շնչառական հիվանդություն ունեցողները, որոնք, սակայն, իրենց մոտ կունենան համապատասխան բժշկական փաստաթուղթ:
Քաղաքացիների մի մասը, սակայն, չի հասկանում, եթե մարդը փողոցում միայնակ քայլում է, ինչո՞ւ պետք է դիմակ կրի: Բժիշկներից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է բաց տարածքում դիմակ կրելու առավելությունը, ի՞նչ խնդիր է սա լուծում:
Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով՝ առհասարակ, միայն դիմակ կրելն այլ կանոնների չպահպանման դեպքում ունի ցածր և միջին արդյունավետություն:
«Եվրոպայի փորձը գոնե վկայում է այն մասին, որ դիմակը, որպես կանոն, ընդունված է կրել այնպիսի տարածքներում, որոնք չեն օդափոխվում, մարդկային կուտակումներ կան: Ես չեմ հիշում, որ ԵՄ երկրներից մեկում բաց տարածքում դիմակ կրելը լինի պարտադիր: Չգիտեմ, թե այդ որոշումը որքան է մեզ օգուտ տալիս: Երևի ավելի ճիշտ կլիներ ուժերն ու ռեսուրսները կենտրոնացնել փակ տարածքում դիմակ կրելու վերահսկողությանը, հատկապես տրանսպորտում, որը բավականին ռիսկային գոտի է»,- 168․am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Մելիք-Նուբարյանը:
Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի կարծիքով էլ՝ վաղ թե ուշ մարդը մտնելու է փակ տարածք ու դիմակ է կրելու, որպեսզի լրացուցիչ շարժ չառաջանա՝ հանել-դնելու համար՝ միանգամից պաշտպանված է լինում մարդը:
Նրա փոխանցմամբ՝ կաթիլն օդում երկար չի պահպանվում, արտաքին միջավայրում ևս, իսկ դրսում, քանի որ հնարավոր է՝ երկարատև շփում լինի, դիմակը պաշտպանիչ է: