Ի՞նչ կրել Ամանորի գիշերը. մասնագետների խորհուրդը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՅուրաքանչյուր տարի՝ Ամանորի նախաշեմին հարց է առաջանում` ի՞նչ հագուստ կրել, ո՞ր գույներին նախապատվություն տալ: Այս առումով Կարմիր աքաղաղը լայն հնարավորություններ է ընձեռում, պարզապես պետք է ճիշտ կողմնորոշվել:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց մասնագետների հետ` պարզելու, թե ի՞նչ խորհուրդ կտան կրել Նոր տարվա գիշերը:
Դիզայներ Դիանա Շատվերյան
- Ամանորի գիշերը գերադասելի է կարմիրի և ոսկեգույնի թե՛ համադրությունը, թե՛ առանձին-առանձին. երկուսն էլ համարվում են տարվա գույներ: Առհասարակ, նորաձև են փայլուն` ցանկացած կտորից և ցանկացած գույնից հագուստները: Նոր տարվա գիշերը գերադասելի են մուգ երանգները: Ինչու եմ ասում ցանկացած գույնի, քանի որ աքաղաղը գույները համադրելու բավականին մեծ հնարավորություններ է տալիս, և կան մարդիկ, որոնց չի սազում, օրինակ՝ կարմիր գույնը, նրանք կարող են ընտրել արծաթագույն, սև, կանաչ գույների երանգները:
Աքաղաղը սիրում է փայլուն իրեր, փայլ որոշակի կերպով պետք է լինի հագուստի կամ աքսեսուարների մեջ:
Աքսեսուարներ ընտրելիս չպետք է մոռանալ նայել դիմագծերին՝ որքանով է ճիշտ կրել օրինակ մեծ կամ փոքր օղեր:
Հագուստի առումով պարտադրող ձևածքներ չկան, որ հենց դա պետք է հագնել:
2017թ.-ին, տարվա ընթացքում, նորաձև են համարվելու ջինսերն ամեն տարբերակում՝ ջինսե շալվար, վերնաշապիկ և այլն, պարզապես պետք է ճիշտ համադրել դրանք:
Դիզայներ Արամ Նիկոլյան
- Թե ի՞նչ կրել Ամանորի գիշերը, կախված է միջավայրից: Ես չեմ ընդունում, երբ հարդարվում, պճնվում են տանը դիմավորելու համար:
Թե ի՞նչ գույնի ու ոճի հագուստ ընտրել՝ դա թելադրում է միջավայրը: Հաստատ ոչ մի դիզայներ հատուկ որևէ տենդենցներ ու գույներ չի մտածում Նոր տարվա գիշերը կրելու համար, դա ավելի շատ սնոտիապաշտության հետ է կապված, կան մարդիկ, օրինակ՝ աստղագուշակները, ասում են, քանի որ Կարմիր աքաղաղի տարի է, պետք է պարտադիր կարմիր հագնել, որ հաջողակ տարի լինի: Այս մոտեցումը նորաձևության հետ բացարձակապես կապ չունի:
Քանի որ վառ տոն է, ցանկալի է վառ գույներ հագնել: Մեր ժամանակներում նորաձևությունը լայն հնարավորություններ է տալիս և յուրաքանչյուր գույն ակտուալ է համարվում: Ամենակարևորը հագուստը ճիշտ համադրելն է և գրագետ լինելը, որպեսզի հագուստի մեջ հարմարավետ լինի:
Սոնա Հարությունյան