15-րդ անգամ կմերժեն․ փաշինյանական իշխանությունը նոր հարվածներ է պատրաստում բանակի դեմ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱզգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովն այսօր 15-րդ անգամ է քննարկելու հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը, և, կասկած չկա՝ կրկին մերժելու է «Հայաստան» դաշինքի ներկայացրած Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը շարունակում է սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել, չենթարկվել իշխանական խմբակի ապօրինի պահանջներին, և չնսեմացնել իր առաջատար պատգամավորներից մեկի արժանիքները։ Ընդդիմությունը չունի այլընտրանք, մեկ ուրիշ պատգամավորի թեկնածությունն առաջադրելը, ինչպես պահանջում են Անդրանիկ Քոչարյանն ու նրա ենթակաները, լրջորեն կվնասի «Հայաստան» խմբակցության հեղինակությանը։ Իսկ իշխանությունը, թերևս, օգտագործում է ստեղծված իրավիճակը՝ չորս ամսից ավելի ձգձգելով հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունը, ձգձգելով նաև 44-օրյա պատերազմի հանգամանքների հետաքննությունը։ Թե ինչպիսի ծանր հարված է հասցվում Հայաստանի Հանրապետությանը, վաղուց ասված է։
Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը մեկ խնդիր է լուծում այս ձգձգումներով, որի մասին օրերս խոստովանեց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ Պաշտպանության նախարարությունում և ԳՇ-ում ծածուկ գործընթաց է գնում, հետին ամսաթվերով փաստաթղթեր են կեղծվում, փորձում են մաքրել Փաշինյանին և նրա կամակատարներին պատերազմական հանցագործությունների մեղքից, իսկ ամբողջ պատասխանատվությունը բարդել բանակի վրա։ Ցավալիորեն, պատերազմում ամենաշատ վնասները կրած ՀՀ զինված ուժերը հիմա էլ հայտնվել են Նիկոլ Փաշինյանի պատանդի կարգավիճակում։ Մի կողմից, քաղաքական իշխանությունը ձգձգում է հանգամանքների հետաքննությունը, մյուս կողմից հազարից ավելի քրեական գործերով դեմոտիվացնում զինվորականներին, առավել սկզբունքային և հմուտ զինվորականներին դուրս մղում բանակից։ Այս ամենը արվում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չքմեղանալու տեղ ունենա, կարողանա պատերազմի ժամանակ և հետապատերազմյան շրջանում բոլոր ձախողումների մեղքը բարդել ՀՀ զինված ուժերի վրա։
Սարգիս Գասպարյան