Արցախի մասին պատմող «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը «Ոսկե գլոբուս»-ին մասնակցելու հայտ է ներկայացրել
ՄՇԱԿՈՒՅԹԿինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» լիամետրաժ խաղարկային ֆիլմը «Ոսկե գլոբուս» հեղինակավոր մրցանակաբաշխության «Լավագույն արտասաhմանյան ֆիլմ» անվանակարգում ընդգրկվելու հայտ է ներկայացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմում օդանավակայանների աուդիտոր Ալենը, որը ֆրանսիացի է, ժամանում է Արցախի Հանրապետության նոր կառուցված օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամիներով շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի, թե վերաբացվելու համար այդ օդանավակայանը, արդյոք, համապատասխանո՞ւմ է միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չէ, բայց որն իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով:
Ֆիլմը Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի համատեղ կինոարտադրություն է: Կինոնկարի ստեղծման վրա աշխատել են երեք երկրների պրոդյուսերական ընկերություններ. Հայկական «անԷվա պրոդաքշնը» (anEva production), ֆրանսիական «Սիսթր պրոդաքշնը» (Sister productions), բելգիական «Կվասսա Ֆիլմսը» (Kwassa Films):
«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը նկարահանվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ:
Ֆիլմում գլխավոր հերոսին՝ Ալենին մարմնավորել է ֆրանսիացի դերասան Գրեգուար Քոլինը: Նրա խաղընկերներն են Դավիթ Հակոբյանը, Արման Նավասարդյանը, Վարդան Պետրոսյանը, Նարինե Գրիգորյանը և այլք: Կինոնկարի և՛ ռեժիսորը, և՛ սցենարի հեղինակը Նորա Մարտիրոսյանն է: