ԼՂ-ում խաղաղապահների ջանքերը կենտրոնացած են խաղաղ կյանքի վերականգնման, ռազմագերիների վերադարձի խնդիրների ուղղությամբ. ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԼեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահ գործողության շրջանակում ռուս զինծառայողներն այժմ կենտրոնացած են գերիների վերադարձի, ենթակառուցվածքային նախագծերի իրականացման և այլ մարդասիրական խնդիրների լուծման վրա, ասել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ի լրումն կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման, մեր խաղաղապահների ջանքերը կենտրոնացած են տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնման՝ միաժամանակ մարդասիրական խնդիրների հաջող լուծման վրա», - հինգշաբթի օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների առաջ ճեպազրույցում ասել է Գերասիմովը։
Այդ խնդիրներից գլխավորը նա անվանել է «տարածքի և օբյեկտների ականազերծումը, ռազմագերիների և պահվող անձանց վերադարձը, մահացածների մարմինների որոնումը, մարդասիրական պարագաների առաքման անվտանգությունը և ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը»:
«Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են խաղաղապահ խնդիրներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում, ավելի քան մեկ տարի առաջ նրանց հաջողվեց կասեցնել արյունալի պատերազմը և պայմաններ ստեղծել տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար», - հավելել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը: