ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-թուրքական մերձեցում ժողովրդի թիկունքում․ Չավուշօղլուն մանրամասներ է հայտնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն երեկ ուշագրավ հայտարարություն է արել մեջլիսում բյուջեի քննարկումների ժամանակ։ ԱԳ նախարարը հայտնել է, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը ուղղված քայլերի շրջանակում շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։ Նա, սակայն, չի մանրամասնել` երբ են սկսելու աշխատել այս ուղղությամբ, և ովքեր են լինելու այդ ներկայացուցիչները: Չավուշօղլուն նշել է, թե այդ հարցում էլ խորհրդակցել է Ադրբեջանի հետ, և հետագայում էլ այս գործընթացում միասին են առաջ շարժվելու: Թուրք նախարարը նաև նշել է, որ առաջիկայում Ստամբուլ-Երևան չարթերային թռիչքներ են գործարկվելու: Հայաստանի իշխանությունները մինչ այս պահը որևէ կերպ չեն մեկնաբանել Թուրքիայի ԱԳ նախարարի այս հայտարարությունը։

Արդեն սովորական է դարձել, որ իրենց խոսքով «թափանցիկ ու ժողովրդավար» հռչակած փաշինյանական իշխանությունները վերջին պահին են փաստի առաջ կանգնեցնում հայ հանրությանը, իսկ կենսական նշանակության հարցերի մասին տեղեկությունները ստացվում են թշնամի պետությունների մայրաքաղաքներից։ Այն, որ Թուրքիայի այս քաղաքականությունը լրջագույն վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, ապացուցվում է Չավուշօղլուի մեկ այլ հայտարարությամբ։

Հայաստանի հետ կապերի ջերմացման մասին հայտարարությունից անմիջապես առաջ Չավուշօղլուն հայտարարել էր, թե «Թուրքիան այլևս չի կարող որդեգրել «Սպասիր և տես» քաղաքականությունը»: Այդ արտահայտությունը վերագրվում է թուրքական քաղաքականությանը Երկրորդ աշխարհամարտից առաջ, երբ նախագահ Իսմեթ Ինենյուն վարչապետի պաշտոն էր առաջարկել Աթաթուրքի մեկ այլ կարկառուն զինակից Ռեֆիկ Սայդամին, ով համարվում է Երկրորդ համաշխարհային պատերազմում Թուրքիայի որդեգրած չեզոք քաղաքականության հիմնական ջատագովներից մեկը: Սայդամը պայման էր դրել, որ Թուրքիան անմիջականորեն չի մասնակցելու պատերազմին։ Պատմական այդ սկզբունքից հրաժարումը Չավուշօղլուի բերանով նշանակում է ավելի ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականության անցում։ Թե ինչ հետևանքներ դա կունենա Հայաստանի համար, փաշինյանական իշխանություններին, թերևս, չի էլ հետաքրքրում։

Մանվել Ավետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular