ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուսապարկերի համար բոլորն են ուսապարկ․ փաշինյանական պատգամավորները հակասում են իրենց առաջնորդին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեկտեմբերի 22-ին կհրավիրվի Երևանի քաղաքապետարանի ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում կլինի «քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» ավագանու որոշման նախագիծը: Հիշեցնենք, ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց: Խմբակցության երեկվա հայտարարության մեջ ասվում էր, թե 2018-ի Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակը գլխավորած Մարությանը մեկ տարի առաջ լքել է կուսակցությունը և դրանից հետո ծավալված «Հայաստանի ժողովրդավարության համար որոշիչ քաղաքական իրադարձությունների ժամանակ իր գործողություններով վերահաստատել է, որ կուսակցության և ավագանու իշխող խմբակցության հետ որևէ քաղաքական պատասխանատվություն չի կիսում»։

Ըստ այդմ, համաձայն հայտարարության` քաղաքական ճգնաժամ է առաջացել: Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթի «ֆաս» հրահանգից հետո ՔՊ-ականները վայրկյանների ընթացքում մոռացան, թե ժամանակին ինչպիսի հուզմունքով և խանդաղատանքով էին խոսում Երևանի քաղաքապետի մասին, ու սկսեցին ցեխ արձակել նրա ուղղությամբ։ Քաղաքապետին սկսեցին մեղադրել բոլոր մեղքերի մեջ, իսկ ամենատարածված «հիմնավորումն» այն է, թե 2018-ին երևանցիների քվեն ստացել է ոչ թե Մարությանը, այլ Նիկոլ Փաշինյանը։ Արփիդավոյաններն ու մյուս փաշինյանականներն այնքան են տարվել Հայկ Մարությանի դեմ ասպատակություններով, որ նույնիսկ սկսել են հերքել իրենց սիրելի առաջնորդին։

2018թ․ հոկտեմբերի 13-ին հրավիրված Երևանի ավագանու հանդիսավոր նիստում՝ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությանը Նիկոլ Փաշինյանը բառացի հայտարարել էր․ «Այսօրվա իրադարձության առանցքային իմաստն այն է, որ ՀՀ քաղաքացիներն են կայացրել որոշում, թե ով պետք է լինի Երևանի քաղաքապետ: Իհարկե, կա պնդում, որ որոշում կայացնելու պահին ՀՀ քաղաքացիների տրամադրությունը եղել է շատ բարձր, բայց դա կապ չունի. այո, մի անգամ ընտրության ժամանակ տրամադրությունը բարձր կլինի, մի անգամ ոչ այդքան բարձր, երրորդ անգամ՝ սովորական, չորրորդ անգամ՝ աշխատանքային, ընտրությունների ժամանակ մի անգամ եղանակը վատ կլինի, մի անգամ լավ, միջազգային և տարածաշրջանային իրավիճակը մի անգամ այսպիսին կլինի, մի անգամ այլ կերպ, բայց դա կապ չունի, առանցքային իմաստն այն է, որ որոշում կայացնող սուբյեկտը և որոշում կայացնելու ազատությունը, ժողովրդի կամարտահայտման ազատությունը երբեք կասկածի տակ այլևս չպետք է դրվի: Կարևորը ոչ թե տրամադրությունն է, այլ թե ով է որոշում կայացնող սուբյեկտը: Եվ որոշում կայացնող սուբյեկտն են լինելու Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ընտրողները: Սա մի ավանդույթ է, որ Հայաստանում գոյություն ունի և հիմնադրված է անշրջելիորեն»:

Ինքը՝ Փաշինյանը շրջեց անշրջելին, այսօր Երևանում քաղաքապետ ունենալու հարցը որոշում են ոչ թե երևանցիները՝ ՀՀ քաղաքացիները, այլ անդեմ ու անմեղսունակ մի խմբակ, որի ներկայացուցիչներին նույնիսկ չեն ճանաչում։

Լևոն Առաքելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular