ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բաց է մնում. ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ուղիղ կապի ապահովումն առաջնային խնդիր է, անկախ կողմերի հանդիպման ձևաչափից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում այս մասին նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն առաջնային է, այն պատերազմով չի կարելի փակված համարել և առանց կարգավորման անհնար է խոսել ամուր կայունության մասին: Ջեյմս Ուորլիքը նկատել է, որ կողմերն այժմ փոքր քայլերով փորձում են փոխվստահություն հաստատել. այս համատեքստում կարելի է դիտարկել վերջերս Ադրբեջանից Հայաստան ռազմագերիների վերադարձը, իսկ Հայաստանի կողմից` ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը:

«Ղարաբաղյան խնդրում առավել կարևոր հարցը հենց կարգավիճակն է, և կարծում եմ ԵԱՀԿ ՄԽ համանախագահողները շարունակում են այս հարցի կարգավորման ուղղությամբ կարևոր դեր խաղալ: Գիտեմ, որ Ռուսաստանն իր ձեռքն է վերցրել բազմաթիվ հարցեր, սակայն, հավատացած եմ, որ համանախագահողները, ԵԱՀԿ-ն և Միացյալ Նահանգները պետք է ակտիվանան եւ առաջ մղեն այս համընդհանուր խնդրի կարգավորումը մեկընդմիշտ: Միայն այս դեպքում մենք տարածաշրջանում կայունության կհասնենք»,-նշել է նա՝ ընդգծելով՝ չպետք է կարծել, որ ղարաբաղյան հարցն այլևս լուծված է պատերազմով:

Ջեյմս Ուորլիքը նշել է, որ ԱՄՆ-ը սերտ կապեր և բարեկամական հարաբերություններ ունի Հայաստանի հետ՝ նկատելով, որ Վաշինգտոնը նաև շահեր ունի Ադրբեջանի հետ հարաբերություններում: Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր պատերազմական գործողությունները կարող են ուղղակի հարվածել բոլորի շահերին:

«Ուստի, մեկ հարց, որին Միացյալ Նահանգները պետք է ամենայն լրջությամբ մոտենա` խաղաղ գործընթացի ստեղծումն է և առկա խնդիրների իրական կարգավորումը: Դա տևական գործընթաց է լինելու, մենք դա գիտակցում ենք, սակայն, դա է միակ ճանապարհն է: Այստեղ որեւէ մեկի համար արագ հաղթանակներ չեն լինելու»,-ասել է նա:

Մեկնաբանելով Փաշինյան-Ալիև հանդիպումները՝ Ուորլիքն ընդգծել է՝ կարեւոր է, որ կողմերը դեմ առ դեմ հանդիպեն, իսկ թե ինչ ձեւաչափով՝ երկրորդական հարց է:

«Մենք գիտենք, թե ինչպես են ընթանում այդ հանդիպումները: Դրանք եզակի դեպքերում են միայն բեկումնային լինում: Մեր հույսն այն է, որ առաջնորդների միջև ուղղակի երկխոսություն տեղի ունենա, որ նրանք ուղղակի միմյանց հետ անհամաձայնությունները քննարկեն, միմյանց հետ ուղիղ խոսեն: Մենք չենք ցանկանում մի իրավիճակ տեսնել, երբ միակ կապը զինված բախումներն են»,-նշել է Ուորլիքը: Ամերիկացի նախկին համանախագահը հիշեցնում է, որ 44-օրյա պատերազմից առաջ կապն առաջնորդների միջեւ բացարձակապես կտրվել էր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular