ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ. Սոչիում հանդիպումից հետո Ադրբեջանի գործողությունները լավատեսություն չեն ներշնչում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

regnum.ru-ն գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որը տեղի ունեցավ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում, անհրաժեշտ էր, որպեսզի կողմերը 44-օրյա պատերազմի ավարտից մեկ տարի անց գնահատեն եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը և քննարկեն իրավիճակի կարգավորման և կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ քայլերը։ Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը։ Հանդիպումը, ըստ քաղաքագետի, ցույց է տվել նաև Ռուսաստանի առաջատար դերը Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման գործընթացում։ Հանդիպման ամենամեծ ձեռքբերումն այն է, որ եզրափակիչ հայտարարության մեջ կողմերն ընդգծել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կարևոր ներդրումը իրավիճակի կայունացման և տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում, ասել է փորձագետը։

«Ես կենտրոնացած եմ 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարության հենց այդ դրույթի վրա, քանի որ այն ինչ-որ իմաստով նշանակալից է՝ հաշվի առնելով ռուսական խաղաղապահ ուժերի մանդատի շուրջ համաձայնության Ադրբեջանի դժկամությունը և Բաքվի հրապարակային հայտարարությունները առ այն, որ ռուս խաղաղապահները ժամանակավորապես են գտնվում Լեռնային Ղարաբաղում։ Այսպիսով, ադրբեջանական իշխանությունների Ղարաբաղից ռուս խաղաղապահներին դուրս մղելու բացահայտ ցանկության ֆոնին, եռակողմ հայտարարության մեջ այդ կետի ներառումը դրական նշան է»,- ասել է Հովսեփյանը։

«Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ Սոչիի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հեռանկարներին, ապա դրանք մեծապես կախված կլինեն սպառնալիքների լեզվից հրաժարվելու Ադրբեջանի պատրաստակամությունից և իր պարտավորությունների բարեխղճորեն կատարելուց։ Ցավոք, Բաքվի գործողությունները Սոչիի հանդիպումից առաջ և հետո լավատեսություն չեն ներշնչում։ Ադրբեջանը դեռ չի կատարել ռազմագերիների ազատ արձակման վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան կետը։ Բաքուն նույնիսկ ժամանակ առ ժամանակ փորձում է խորանալ Հայաստանի տարածք՝ դրանով իսկ խախտելով նշված հայտարարության առաջին պարբերությունը, որը կողմերին պարտավորեցնում է դադարեցնել ռազմական գործողությունները և կանգ առնել իրենց դիրքերում։ Սոչիից վերադառնալուց հետո Ադրբեջանի նախագահն անմիջապես վերսկսել է Հայաստանի հասցեին հնչեցնել հրապարակային սպառնալիքներ»,- ասել է փորձագետը։ Քաղաքագետի կարծիքով՝ 44-օրյա պատերազմն ինքնին Ադրբեջանի կողմից հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման իր ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է եղել:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular