ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան առանց ինչ-որ բան ստանալու որևէ քայլ չի անի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Արդեն հայտնի են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործով երկու երկրների հատուկ բանագնացների անունները։ Թուրքիայի կողմից հատուկ բանագնաց է նշանակվել ԱՄՆ-ում այդ երկրի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, իսկ Հայաստանի կողմից՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

Այս թեմայի վերաբերյալ զրուցել ենք թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։

Հարցին, թե ինչ կարծիք ունի նշանակումների մասին թուրքագետն ասաց․ «Պարզ էր, որ այս գործընթացը պետք է շարունակվեր, ու այն ինչ տեղի է ունենում, բնական գործընթաց է։ Բայց Թուրքիայի պարագայում գործընթացի առաջ գնալը հարաբերական է, քանի որ Թուրքիան ամեն րոպե կարող է հետ կանգնել։ Թուրքիայի հատուկ բանագնացի ընտրությունը շատ հետաքրքիր է․ Թուրքիայի այս ընտրությունը պետք է ազդակ լիներ Հայաստանի իշխանությանը, թե ինչ ուղեգիծ է ընտրել Թուրքիան Հայաստանի հետ շփումներում։ Թուրքիան բանագնաց է նշանակել առնվազն 30 տարվա դիվանագիտական փորձ ունեցող, Թուրքիայի համար առանցքային երկրներում դեսպան աշխատած, բավականին փորձառու, Թուրքիայի ազգային շահը բավականին լավ գիտակցող անձնավորության ու, ամենակարևորը՝ վերջին 7 տարում նա եղել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը։ Իսկ Թուրքիան ԱՄՆ-ում այդ ժամանակ դեսպան նշանակել էր հատուկ Սերդար Քըլըչին, որպեսզի վերջինս այնտեղ կանխի Թուրքիայի դեմ ինչ-ինչ բանաձևեր ու նաև Հայոց ցեղասպանությանը ուղղված նախագահների հնարավոր հայտարարությունները, ու նրան ինչ-որ չափով երկար ժամանակ դա հաջողվեց։ Ավելին՝ այդ անձը Հայոց ցեղասպանության պրոֆեսիոնալ հերքող է, մասնագիտացված է այդ հարցում, ԱՄՆ-ում կազմակերպել է հակահայկական ցույցեր։ Մեկին, որը պայքարել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, որը հակահայկական միջոցառումներ է կազմակերպել, ֆինանսավորել ու կազմակերպել է թուրքամետ լոբբիստների աշխատանքն ընդդեմ հայերի ու տարբեր ձևերով համակարգել է հակահայկական նախաձեռնություններ, հիմա դառնում է հայկական կողմի հետ բանակցող, իսկ մենք դրան ի պատասխան բանագնաց ենք նշանակում ՔՊ-ի կարկառուն ներկայացուցչին, սակայն իր դիվանագիտական փորձով աչքի չընկնող Ռուբեն Ռուբինյանին։ Ավելին չեմ կարող ասել․ Թուքիայի նշանակումն ու մեր նշանակումը՝ սարեր-ձորերի տարբերություն է»։

Հարցին թե արդյոք Թուրքիան առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման չի գնա թուրքագետն ասաց․ «Թուրքիան չի անի որևէ քայլ՝ առանց ինչ-որ բան ստանալու։ Միայն այն, որ շարունակաբար պնդում են, որ այս գործընթացն իրենք անում են Ադրբեջանի հետ համատեղ, արդեն նախապայման է»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular