ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վատագույն ավանդույթները ՊՆ-ում շարունակվում են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախյան 44-օրյա պատերազմում և դրանից հետո փլուզվեց Հայաստանի պաշտպանության նախարարության՝ հանրությանը ճիշտ տեղեկություններ հասցնող կառույցի իմիջը։ Վաղուց այլևս այդ գերատեսչության հայտարարությունները, ցավոք, ոչ ոք լուրջ չի ընդունում։ Պաշտպանական գերատեսչության պատասխանատուներն ամեն ինչ անում են, որպեսզի խորացնեն հանրության մեջ ձևավորված անվստահությունը։ Վերջին օրերին միայն երկու դեպք ապացուցում են այդ պնդման իսկությունը։

Նոյեմբերի 18-ից սկսած՝ տելեգրամյան ալիքներն սոցցանցերի օգտատերերը նույնիսկ տեսանյութեր էին տարածում, թե ինչպես են հայկական ԶՈՒ դիրքապահները ձերբակալում երկու ադրբեջանցի զինվորականների։ ՊՆ մամուլի ծառայությունը քար լռություն էր պահպանում, հրաժարվում որևէ կերպ մեկնաբանել տեղեկությունը, և միայն երեկ երեկոյան հաստատեցին ձերբակալման փաստը և հայտնեցին, թե ձերբակալումից երկու օր անց մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ երկու զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն էլ երեկ հրապարակել է հերթական սկանդալային փաստը, պարզվում է՝ 2020 թվականի դեկտեմբերին Սյունիքում Հայաստանի զինված ուժերն ու կամավորական խմբերը շուրջ 20 կիլոմետր հետ են քաշվել գրավոր փաստաթղթի հիման վրա, որի տակ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ստորագրությունն է։ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ մի քանի անգամ վստահեցրել էր, թե հայկական զորքերը բանավոր պայմանավորվածությամբ են հետ քաշվել, մեկ տարի շարունակ թե՛ կառավարությունը, թե՛ ՊՆ-ն խաբել են հանրությանը, չեն հայտնել, թե ինչ փաստաթղթի հիման վրա է ադրբեջանական զինուժը տեղավորվել Գորիս-Կապան ճանապարհի վրա։ Ընդդիմադիր պատգամավորների հարցմանը ի պատասխան պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հաստատել է, որ փաստաթուղթը Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների միջև է կնքվել, իսկ այդ փաստաթուղթը գաղտնի է և չի տրամադրվելու։ Ահա այսպիսի իրավիճակ է ստեղծվել Հայաստանի իշխանությունների և Պաշտպանության նախարարության մեղքով, և պաշտոնյաներն էլ զարմանում են, որ օրեցօր կորցնում են իրենց նկատմամբ վստահությունը։

Դավիթ Մուրադյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular