ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովրդավարության իմիտացիա կոչվող շոու՝ ի վնաս Հայաստանի ինքնիշխանության, ի վնաս Արցախի». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանը մասնակցեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրավիրած ժողովրդավարության գագաթաժողովին, որը տեղի ունեցավ առցանց, և որի ժամանակ ելույթ ունեցավ նաև Նիկոլ Փաշինյանը:

«Ժողովրդավարություն և անվտանգություն» իրավապաշտպան ՀԿ ղեկավար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ զրուցել ենք այն մասին, թե ինչպե՞ս և ի՞նչ նպատակով օգտագործվեց հարթակը: Խոսել ենք նաև ժողովրդավարության մասին իշխանության հայտարարությունների ու հայաստանյան իրավիճակի մասին, դիտարկել նաև արտաքին մարտահրավերները:

Անդրադառնալով նախ Փաշինյանի մասնակցությանը վերոնշյալ գագաթաժողովին՝ Ն. Զոհրաբյանը հիշեցրեց մինչ այդ նրա կողմից արված հայտարարությունը:

«Փաշինյանը մինչ այդ հայտարարեց, որ ինքն այդ հարթակն օգտագործելու է ագրեսոր Ադրբեջանի կողմից մայիսի 12-ից ՀՀ սուվերեն տարածքի հանդեպ իրականացված ագրեսիային առնչվող հարցերը բարձրացնելու համար: Ավելին՝ ասաց, որ Ադրբեջանի կողմից ՀՀ 41 կմ սուվերեն տարածքը զավթելը ոչ այլ ինչ է, քան հարձակում ժողովրդավարության վրա: Մենք բոլորս անհամբեր սպասում էինք, որ Բայդենի կազմակերպած այդ ֆորումին Փաշինյանը, այնուամենայնիվ, բարձրացնելու է այդ հարցերը: Մինչդեռ արդյունքում զրո հարց ագրեսոր Ադրբեջանի, զրո հարց և զրո հարցադրում ռազմագերիների, զրո բարձրաձայնում մեր այն բոլոր հիմնախնդիրների մասին, որոնք անպայմանորեն պետք է հնչեին այդ գագաթաժողովին: Մասնավորապես՝ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ընթացքում օգտագործում էր միջազգային բոլոր կոնվենցիաներով արգելված զինատեսակներ, այդ թվում՝ կասետային ռումբեր: Ադրբեջանն օգտագործում էր քիմիական զենք նաև խաղաղ բնակչության նկատմամբ, Ադրբեջանը խոշտանգում էր ռազմագերիներին: Սրանք հենց ժողովրդավարության այդ ֆորումին ենթակա հարցեր են, որոնք անպայմանորեն պետք է բարձրացվեին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ն. Զոհրաբյանը:

Խոսելով գագաթաժողովի նպատակի մասին, այդ համատեքստում անդրադառնալով նաև Հայաստանի մասնակցությանը՝ նա հավելեց. «Նպատակը մեկն էր: Բայդենը կազմակերպել էր հակառուսական ակցիա: Նա փորձեց հերթական անգամ Ռուսաստանին ցույց տալ, որ բազմաթիվ երկրների կարող է համախմբել հակառուսականության դրոշի ներքո: Իսկ Հայաստանը հերթական անգամ կա՛մ չհասկանալով, կա՛մ ուղղակիորեն հասկանալով՝ ներքաշվեց հակառուսականության այդ ֆորումի մեջ: Ի վերջո, եթե անգամ Նիկոլ Փաշինյանը հակառուսական այդ ակցիային մասնակցելու որոշում էր կայացրել, նա, ըստ իս, առնվազն պետք է հայտարարեր, որ Հայաստանի համար հասկանալի չէ, թե ինչու Ռուսաստանը հրավիրված չէ: Եթե սա հերթական անգամ արվել է չհասկանալով, այլ հարց է, բայց եթե արվել է միտումնավոր՝ ՌԴ-ին ինչ-որ բաներ հասկացնելու համար, մենք դրա հետևանքները դեռ շատ երկար ենք քաղելու: Ի դեպ, հետևանքներն արդեն տեսնում ենք:

Մասնավորապես, Հայաստանը գերեվարում է երկու ադրբեջանցու և ժամերի ընթացքում այդ ադրբեջանցիները, «ռեխները» բաց ու ծիծաղելով, ռուսական կողմի միջնորդությամբ վերադարձվում են Ադրբեջանին: Մինչդեռ հայ ռազմագերիները շարունակում են ավելի քան մեկ տարի ու ամիսներ շարունակ մնալ Բաքվի ու Ադրբեջանի այլ բանտերում: Սա էր այդ ֆորումին մասնակցելու գինը: Հերթական հակառուսական քայլը, որը, իմ վստահ համոզմամբ, անարձագանք ու անպատասխան չի մնալու: Բայց խնդիրն այն է, որ այդ պատասխանից տուժում են խոցելի խմբերը, այն մարդիկ, ովքեր բացարձակապես մեղավոր չեն հակառուսականության այս բումի մեջ, որը Հայաստանում նորից սկսել է ակտիվանալ»:

Շեշտելով մի շարք այլ փաստերի մասին՝ նա ընդգծեց. «Այն, որ այս իշխանությունն իր արտաքին քաղաքական նախապատվություններով հակառուս է, դա որևէ մեկին, այդ թվում՝ Ռուսաստանին ապացուցել պետք չէ: Այն, որ այս պահին այս իշխանությունը Ռուսաստանին հաճոյանալու համար անում է ամեն ինչ, դա ևս փաստ է: Ժողովրդական խոսքով ասած՝ որ պահին այս իշխանության ատամը կտրեց, Ռուսաստանին թիրախավորելու է, ինչը ևս փաստ է: Պարզապես, ինչպես ասում են, աստղերը դասավորվել են այնպես, որ այս իշխանությունները հարմար օբյեկտ են թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի, թե՛ Թուրքիայի և թե՛ Ադրբեջանի համար: Ուստի՝ բոլորը փորձելու են Հայաստանի այս իշխանություններից իրենց քաղաքական շահի համար առավելագույնը պոկել: Մինչդեռ դրանից տուժում է Հայաստանի ինքնիշխանությունը, Արցախը, թեպետ, ինչպես հասկանում եմ, ցավոք, բոլոր աշխարհաքաղաքական խաղացողների համար իրենց շահը շատ ավելի գերակա է, քան իրենց համար մնացյալ «մանր-մունր» շահերն ու հետաքրքրությունները»:

Եթե նման բան տեղի ունենար նախորդ իշխանությունների օրոք, ամերիկյան գրանտներից սնվող բոլոր հասարակական կազմակերպությունները հիմա իրենց մայկաները պատառոտելով՝ ամեն օր ակցիաներ էին կազմակերպել Երևանի փողոցներում: Բայց այսօր տեսնում ենք միջազգային հանրության տոտալ լռությունը: Այսօր Մամիկոն Ասլանյանի, Առուշ Առուշանյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է տեղի ունենում: Իսկ այն, ինչ արեցին ծանրագույն հիվանդություններ ունեցող պրոֆեսոր Արմեն Չարչյանի հանդեպ, ոչ միայն քաղաքական հաշվեհարդար էր, այլև մարդու խոշտանգում: Հաշվի առնելով այս ամենը՝ ժողովրդավարության մասին խոսելն առնվազն ծիծաղելի է: Բայց ես վաղուց եմ հասկացել, որ միջազգային հանրություն կոչվող դոնդողը, եվրոպական, արևմտյան արժեքներ կոչվածներն ընդամենը քաղաքական սոուս, քաղաքական ճաշատեսակ են: Այդպիսի քաղաքական ճաշատեսակ է նաև Մանկական Եվրատեսիլը, որտեղ իրենց կեղտոտ քաղաքական նպատակահարմարությունների ու շահերի մեջ անգամ երեխաներին են ներքաշում»:

Նաիրա Զոհրաբյանը նաև շեշտեց, որ մենք այսօր Հայաստանում չունենք քաղաքացիական հասարակություն, ինչը ևս լուրջ խնդիր է: «Այն քաղաքացիական հասարակությունը, որը ձևավորվել էր նախորդ իշխանության օրոք ու սնվում էր արևմտյան գրանտներից, այսօր կա՛մ իշխանության ներկայացուցիչ են, կա՛մ իշխանությունից սնվող ՀԿ-ներ, կա՛մ իշխանությունից սնվող ինչ-որ անհասկանալի զանգված:

Իրենց պարագայում, եթե անգամ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում բոլոր լրագրողներին կախի, «ժողովրդավարության սալ յուտ» են համարելու: Այսօր նոր քաղաքացիական հասարակություն ստեղծելու խնդիր ունենք, որը չի լինի իշխանության գրպանում: Ու քանի դեռ նշված պատճառով մենք մեր ներսում չենք կարողանում անաչառ գնահատական տալ իշխանության քայլերին, միջազգային հանրությունն ասում է՝ եթե դուք գնահատական չեք տալիս, մենք ինչո՞ւ պետք է գնահատական տանք: Այստեղ, իհարկե, խնդիր կա, բայց կա փաստ առ այն, որ այսօր միջազգային հնարությունը լծված է հայ-թուրքական խաղաղասիրական օրակարգը սպասարկելուն: Այդ դեպքում Եվրատեսելի նման ռաբիս, անմակարդակ ու անճաշակ քաղաքական շոուներ դեռևս լինելու են, ու դրանում մեկ վայրկյան չկասկածեք: Առաջիկա օրերին, իմ ունեցած տեղեկություններով՝ նաև վաղը, Մոսկվայի հովանու ներքո նախաձեռնվում են հայ-թուրքական մերձեցման քննարկումներ: Այս ամենը, բնականաբար, նաև Արևմուտքի աջակցությամբ է, և այս ամենը տեղավորվում է այն շոուի մեջ, որը կոչվում է ժողովրդավարության իմիտացիա՝ ի վնաս Հայաստանի ինքնիշխանության, ի վնաս Արցախի»:

Ամփոփելով՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ նշված բոլոր խնդիրների հանրագումարը մեկ իրողության մասին է վկայում. «Նաև տարածաշրջանային վերաձևումների, կոմունիկացիաների ապաշրջափակման անվան տակ Հայաստանը թուրքի համար «պրախադնոյ դվոր» սարքելու հանրագումարում մենք կկորցնենք մեր պետականությունը: Այն ամենը, ինչի մասին խոսեցինք, այդ թվում՝ նաև խոսքի ազատությունը, առոչինչ են դառնալու: Մենք պետք է գիտակցենք, որ կանգնած ենք պետականությունը պահել-չպահելու սահմանագծին: Կա՛մ պահում ենք ու փորձում մեր ինքնիշխանությունն ամրակայել, կա՛մ թուրքի համար ընդամենը «պրախադնոյ դվոր» ենք դառնում, ինչի նախանշաններն առավել քան տեսանելի ու ակնառու են: Վստահ եղեք՝ թուրքը հետևողական է լինելու, որ Մեծ Թուրանի մեծ ճանապարհին Հայաստանը իր համար «պրախադնոյ դվորի» վերածվի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular