ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ ընդդիմությունը չի խաղա Փաշինյանի կեղտոտ խաղը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հրաժարվել են փակ հանդիպում ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել Արցախի բանակցային թեման։ Հանդիպման առաջարկը օրեր առաջ ընդդիմադիրներին ներկայացվել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջոցով։ Այսօր արդեն ընդդիմադիր խմբակցությունները հայտարարություն են տարածել, ներկայացրել հանդիպումից հրաժարվելու իրենց դրդապատճառները։ 

Իշխանության և ընդդիմության միջև փակ հանդիպումներ լինում են բոլոր երկրներում, կան հարցեր, որոնց հրապարակային քննարկումը երբեմն արդյունավետ չէ, և ընդդիմությունն ու իշխանությունը հաճախ են կարիք ունենում համադրելու իրենց մոտեցումները, տեղեկանալու առկա իրողություններին։ Սովորաբար այդ հանդիպումները այդպես փակ ու գաղտնի էլ մնում են, կամ քաղաքական ուժերը բացահայտում են այնքան մանրամասներ, որքան պայմանավորվել են երկուստեք։ Սակայն Հայաստանի գործող իշխանություններն այդ հանդիպումներն օգտագործում են բոլորովին այլ նպատակներով, ապա և մանիպուլացնում, կեղծ տեղեկություններ տարածում, ընդդիմադիր ուժերին ներքաշում իրենց կեղտոտ խաղերի մեջ։ 

«Այս ժամանակահատվածում, իշխանությունները քանիցս ապացուցել են, որ ժողովրդից գաղտնի իրականացնում են կասկածելի բանակցություններ՝ առաջ մղելով բացառապես սեփական ապազգային օրակարգը: Բանակցային ցանկացած գործընթաց ինքնին չի հանդիսանում պետական կամ ռազմական գաղտնիք»,- ասվում է ընդդիմադիր խմբակցությունների հայտարարության մեջ:

Արձանագրելով, որ փակ հանդիպման ձևաչափը հայ ժողովրդին առնչվող հարցերի վերաբերյալ առհասարակ անընդունելի է, ընդդիմադիր խմբակցությունները հայտնել են, որ հանդիպման կմասնակցեն բացառապես բաց, հավասար և ժողովրդի առջև հաշվետու պայմաններում։ Նման նախորդ առաջարկը մերժվել էր իշխանությունների կողմից, և այժմ կրկին փակ հանդիպում անցկացնելու առաջարկը թե՛ տարակուսելի է, թե՛ կասկածահարույց։ 

Ըստ էության, ընդդիմադիր խմբակցությունները գիտակցում են, թե ինչ վարկանշային կորուստ կարող են ունենալ, բացի այդ՝ իշխանական քարոզչամեքենան բավարար ռեսուրսների է տիրապետում հանդիպումների մասին կեղծիքներ տարածելու, կամ սեփական օրակարգը պարտադրելու համար։ Ուստի, ընտրվել է միակ ճիշտ եղանակը․ այս իշխանությունների հետ պետք է հարաբերվել և շփվել բացառապես բաց և թափանցիկ, քանի որ Նիկոլ Փաշինյանն ու իր կուսակիցները երբեք չեն փայլել պայմանավորվածությունները պահելու, հանդիպումների մասին էլ ճշմարտությունը ասելու ընդունակությամբ։ Ցանկացած փակ և գաղտնի հանդիպում հղի է վտանգներով ընդդիմության համար։

Արմեն Սանթրոսյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular