ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարությանի ներկայացրած փաստերին հակափաստարկ չներկայացվեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայկ Մարությանի պաշտոնանկ արվելուց հետո ելույթ էր ունեցել։

Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։

Հարցին, թե ինչ կարծիք ունի նախկին քաղաքապետի ելույթի մասին իրավապաշտպանն ասաց․ «Հայկ Մարությանի ելույթում շատ կարևոր անդրադարձ եղավ, ներկայացվեց փաստ, որ «Իմ քայլը» դաշինքը ձևավորված է ոչ միայն ՔՊ կուսակցության անդամներից, այլ նաև այլ կուսակցություններից և անկուսակցականներից, և այդ դաշինքի՝ մեկ կուսակցության անդամությունը նույնականացվում է որպես դաշինքի դիրքորոշում։ Եթե դա ձևակերպենք զուտ քաղաքական եզրաբանությամբ, ապա դաշինքի մասնակիցների միջև չկա հավասարություն, այլ դաշինքի մաս կազմող մի կուսակցությունը գերակա է դառնում դաշինքի մնացած մասնակիցների նկատմամբ։

Ավելին՝ հեղափոխությունը իրականացրել է ոչ թե կուսակցությունը կամ որևէ քաղաքական ուժ, այլ քաղաքացիները, որովհետև հեղափոխության ջատագովները ՔՊ-ի համախոհներ չեն հանդիսացել։ Միանշանակ է, որ եթե Նիկոլ Փաշինյանը որպես ՔՊ առաջնորդ կոչով հանդես գար, այդպիսի կոչը չէր կարող համախմբել, այսինքն այնտեղ եղել է վերկուսակցական մոտեցում։ Փաստորեն, այստեղ կարևոր արձանագրում արվեց, որի վերաբերյալ որևէ առարկություն չներկայացվեց։ Ավելին, առարկողները խոսում էին կուսակցության դիրքերից։

Այս առումով նաև շատ լուրջ հարց բարձրացրեց Մարությանը, որը ակտուալ է այսօրվա Հայաստանում. ինչքանո՞վ է համարժեք հեղափոխական կառավարության ներկայացուցիչների պահվածքը հեղափոխություն կատարած քաղաքացիների ակնկալիքներին, և ինքը բավական լուրջ փաստեր և հանգամանքներ նշեց: Միաժամանակ Մարությանը նույնպես պատասխանատու է, նա նշեց, որ դրանք հրապարակային քննարկումներ չեն եղել, այդ հարցադրումները, որ ինքը բազմիցս բարձրացրել է, ինչպես ինքը նշեց, այստեղ թափանցիկության և հաշվետվողականության հարց է առաջանում։ Սա բարեվարք կառավարման սկզբունքներից ելնելով պետք է հրապարակային լիներ։ Որևէ հակափաստարկ Մարությանի ներկայացրածին չներկայացվեց։ Եթե հարցեր կային ավագանու կողմից, կարող էր «Իմ քայլը» ներկայացներ ոչ թե հիմա, այլ նախկինում: Եթե ավտոբուսների հետ կապված խնդիր կար, այն ժամանակ պետք է բարձրացվեր հարցը, ոչ թե հիմա, երբ խոսքն արդեն անվստահություն հայտնելու մասին է։ Որպեսզի ժամանակի ընթացքում խնդիրները չկուտակվեն, պետք է թափանցիկ գործելակերպ որդեգրվեր: Այդպես էլ ոչ ոք չհասկացավ, թե որն է քաղաքապետին անվստահություն հայտնելու առիթը, որովհետև բոլոր այն փաստարկները, որ ՔՊ-ն մի քանի օր առաջ ներկայացրեց, հիմքեր չունեն: Դրանք այն փաստարկները չեն, որոնք կարող են հիմնավորում հանդիսանալ։ Առաջին անգամ է, որ անվստահություն են հայտնում, ես դա նորմալ եմ համարում, որ կա քաղաքապետին անվստահություն հայտնելու նախադեպ, բայց դա բոլորովին այլ կերպ պետք է լիներ: Անվստահության հիմնավորումը հասկանալի պետք է լիներ, ձևավորված լիներ ժամանակի ընթացքում խնդիրների բարձրացման հիմքի վրա: Սա քաղաքացիների մոտ հիմնավոր պատկերացում և կարծիք կձևավորեր, որ իրապես անվստահության պահանջը հիմնավոր է։ Հիմա եթե խոսքը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մասին է, ապա կներեք, ԱԱԾ-ն նոր հիշե՞ց աղբահանության և այլնի մասին: ԱԱԾ-ն շարունակում է մնալ իշխանության ձեռքին որպես պատժիչ գործիք քաղաքական նպատակներին հասնելու համար»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular