Պարգևատրումները՝ փաշինյանական վարչախմբի հենարաններն ամրապնդելու միջոց
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՏարին ավարտվում է, և Նիկոլ Փաշինյանի վարչախումբը տենդագին զբաղված է պարգևատրումներ բաժանելով։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն, օրինակ, գրեթե 300 հազար դոլարի նախատոնական պարգևատրումներ է արել։ Ինչպես փոխանցեցին Ազգային ժողովից, հավելավճարները եղել են մեկ ամսվա աշխատավարձի չափով, պարգևատրվել է շուրջ 700 հոգի, ներառյալ` 107 պատգամավոր, ընդհանուր ծախսը կազմել է 142 միլիոն դրամ։ Չնայած օրենսդրությամբ նման բան նախատեսված չէ, ԱԺ-ից փոխանցեցին` «սա ավանդական 13-րդ աշխատավարձն է»։
Հայաստանի կառավարությունն էլ իր երեկվա նիստում ընդունել է 2021թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու հերթական որոշումը, որով Ոստիկանության պարգևատրման ֆոնդում առկա 1.9 մլրդ դրամին կավելացնի ևս 500 մլն դրամ «որակյալ» աշխատանքի համար ոստիկաններին լիարժեք մեկ դրույքաչափ 13-րդ աշխատավարձ տալու համար: Պարգևատրումներ են լինելու նաև այլ պետական գերատեսչություններում ու ուժային կառույցներում։ Գործող վարչախումբն ուշադրություն չի դարձնում ընդդիմության, ակտիվիստների, հասարակական կազմակերպությունների արդարացի բողոքներին, փորձում է սիրաշահել այն կառույցներին, որոնք կարող են անհրաժեշտ պահին լինել իշխանության հենարանը, ապահովել նրանց վերատրադրությունը կամ անվտանգությունը։
Դպրոցներում, մանկապարտեզներում, հիվանդանոցներում և այլ հիմնարկներում պարգևատրումներ չեն լինի կամ էլ չնչին գումարներ կհատկացնեն։ Չէ՞ որ ուսուցիչներն ու բժիշկները իշխանության համար բացառապես էլեկտորատ են՝ հինգ տարին մեկ անգամ, իսկ ոստիկանի ու պատգամավորի կարիքն իշխանությունն ամեն օր ունի։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, այլ կազմակերպություններ և անհատներ իշխանափոխությունից հետո բազմիցս են բարձրացրել պարգևատրումների անթույլատրելիության հանգամանքը, նշել, թե դրանք բյուջեի թալանի դեմ պայքարի միջոց չեն, նաև անբարոյականություն է երկրի ծանրագույն վիճակում, հետապատերազմյան շրջանում ահռելի միջոցներ տրամադրելը պատգամավորների ու պաշտոնյաների կյանքը ավելի հաճելի դարձնելը։
Փաշինյանական իշխանությունը բյուջեի կողոպտման օրինական մեթոդը գտել է. աջուձախ պարգևավճարներ է բաժանում, և բաժանում բացառապես նրանց, ումից ակնկալիք ունի։ Պարգևավճար ստացած ոստիկանը, ի դեպ, ավելի հաճույքով կհետապնդի ընդդիմադիր ակտիվիստին, պատգամավորը՝ անմռունչ կսեղմի կոճակը, ԱԱԾ-ականը՝ կգաղտնալսի Փաշինյանի ընդդիմախոսին։ Իսկ պետությունը կշարունակի գլորվել անդունդը, մարդիկ էլ հազարներով ու տասնյակ հազարներով կլքեն իրենց հայրենիքը՝ այլ երկրներում կյանքի տանելի պայմաններ գտնելու համար։
Հովսեփ Հայրապետյան