ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ-որ փուլում իշխանություններին անհրաժեշտ էր լինելու ոստիկանության բիրտ ուժը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՏԻՄ ընտրություններից հետո շատ տեղերում խնդիրներ են առաջացել: Մինչև հիմա շատ համայնքներում ավագանիներ չեն ձևավորվել, որոշ դեպքերում դատական գործընթացներ կան, որոշ տեղերում ձայների առավելություն ստացած թեկնածուն կալանավորվել է, ինչ-որ տեղում էլ առաջ ընկած երդմնակալություն են կազմակերպում:

Այս թեմայի շուրջ զրուցել ենք իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ։

Հարցին, թե սա Ընտրական օրենսգրքի խնդի՞րն է, թե՞ քաղաքական մշակույթի բացակայության իրավապաշտպանը պատասխանել է. «Ամենալավ օրենքն անգամ ի վիճակի չէ կարգավորելու իրավիճակը, եթե չփորձեն ձևավորել մշակույթ, չփորձեն նվազագույն տրամաբանություն ու ողջամտություն դրսևորել բոլոր կողմերը: Սա ողջամտության բացակայության հետևանք է: Եթե բողոքարկման պրոցես կա, ի՞նչ պարտադիր է հենց այդ պահին գնալ ու երդմնակալության արարողություն անցկացնել: Մարդիկ, որոնք հավակնում են իշխանության, չեն կարողանում հասկանա՞լ, որ լավ, թե վատ, կա դատական համակարգ և կա սահմանված ընթացակարգ, որով պետք է գնալ: Գուցե մեր օրենքները լավագույնը չեն, բայց ընթացակարգ կա մշակված, եթե կա բողոքարկման պրոցես, պետք է սպասել այդ որոշմանը»:

Անդրադառնալով այն հարցին, թե իրավապաշտպանն ինչպես է գնահատում ոստիկանության գործողությունները քանի որ ոստիկանության հետ բախումներ են տեղի ունենում, մարդկանց են բերման ենթարկում` Նինա Կարապետյանցն ասաց. «Ճիշտն ասած, ես չգիտեմ՝ կոնկրետ ինչ է տեղի ունեցել, գուցե միջամտելու անհրաժեշտություն եղել է: Բայց այն, որ ոստիկանության մեջ բովանդակային փոփոխություն տեղի չունեցավ և դրա հիմքում ընկած է այն, որ անհրաժեշտության դեպքում նախկինում օգտագործված ձևերը կարող են օգտագործվել, սա ես ասել եմ շատ վաղուց: Եթե հիմա կա սահմանազանցում, դա հենց գալիս է ապացուցելու իմ այդ գաղափարը, որ ոստիկանությունը չբարեփոխելը կամ հատվածային ու գեղեցիկ փաթեթավորումներով փոքր փոփոխությունները բարեփոխում ներկայացնելը հենց դա է նշանակում, որ ինչ-որ փուլում իշխանություններին անհրաժեշտ էր լինելու ոստիկանության բիրտ ուժը»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular