ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը Արցախին քաշում է նոր դավադրության մեջ և ձեռքերը լվանում Արցախի ճակատագրից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանի համար Արցախը բեռ է դարձել, որից նա ձգտելու էր ամեն գնով ազատվել։ Տասնամյակներ շարունակ Հայաստանն ու ՀՀ իշխանություններն են եղել Արցախի անվտանգության երաշխավորը, իսկ արդեն այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը «ձեռքերը լվանում» է Արցախից՝ հայկական ծվատված պետության ճակատագիրը թողնելով Բաքվի ու Մոսկվայի հայեցողությանը։ Գիտակցելով, թե անգիտակցաբար, իրենց խելքով, թե այլոց խորհուրդներով Արցախի իշխանությունները ևս նպաստում են այդ դավադրության իրականացմանը։

Օրերս տեղի ունեցած իր երեքժամյա ասուլիսում Փաշինյանն այնքան ադրբեջանամետ և անհեթեթ հայտարարություններ երկնեց, որ ակնհայտ էր՝ Արցախից հարկադրված են լինելու առնվազն արձագանքել։ Երեկ երեկոյան Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն տարածեց, հայտարարեց, թե արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է:

«Ուստի, միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից: Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման նպատակը մեր հիմնական ուղենիշն է, և դրանից շեղում չի կարող իրեն թույլ տալ ոչ մի իշխանություն: Ուստի, Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ ու որևէ կերպ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ»,- նշել է Հարությունյանը:

Նրա հայտարարության ամենավտանգավոր հատվածը 5-րդ կետն է, որում նա Արցախի անվտանգության բաղադրիչների շարքում չի հիշատակում Հայաստանը` հատուկ ընդգծելով ՌԴ խաղաղապահ զորակազմի դերը։ Փաշինյանի հայտարարությունները դատապարտել են նաև Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի և Հայաստանի օմբուդսմենները, իսկ Արցախի Ազգային ժողովն արդեն այսօր նիստ է գումարելու և համապատասխան հայտարարություն ընդունելու։

Ընդսմին, արձանագրենք, որ Փաշինյանը գիտակցաբար և հատուկ է գնացել այս քայլին, որ Արցախից հնչեն հայտարարություններ, թե Հայաստանի գործող իշխանությունները լիազորված չեն խոսել Արցախի անունից։ Փաշինյանը արձագանքել է Արցախի նախագահին՝ ընդարձակ հայտարարությամբ, շարունակել պնդել իր ադբրեջանամետ թեզերը, մեղքերը բարդել նախկինների ու նրանց թողած ժառանգության վրա և հստակ ընդգծել, թե ինքը Լեռնային Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ չունի։ Շատ վերլուծաբաններ չեն բացառում, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները հակասությունների բեմականացման այս գործողությունն իրար հետ են համադրում։ Փաշինյանին այսօր պարզապես պետք է հանրությանը համոզել՝ իբր Արցախի իշխանությունն ու բնակչությունն իրենք են ցանկանում կտրել կապը Հայաստանի իշխանությունների հետ, առնչվել միայն ՌԴ զորակազմին։ Իսկ Փաշինյանին ընդամենը հարկավոր է ազատվել «Արցախ» կոչվող բեռից, Արցախի անվտանգությունը, ֆինանսական և ֆիզիկական անվտանգությունը հանձնել ում պատահի, շարունակել պաշտոնավարել և բռնապետության վերածել Հայաստանը։ Գավառական այս խաղի առաջին արարը, արձանագրենք, վատ չէր բեմադրվել։ Մնում է, որ Հայաստանում և Արցախում քաղաքական ուժերը գիտակցեն, թե ինչի մեջ են իրենց փորձում ներքաշել, չխաղան այս կեղտոտ խաղը, և Փաշինյանին զրկեն երբևէ խաղեր տալու հնարավորությունից։

Գևորգ Մելիքսեթյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular