ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մշակութային գործիչներին ներքաշում են կեղտոտ խաղերի մեջ․ Շվիդկոյի ու Փաշինյանի նախաձեռնությունը ընդդեմ Հայաստանի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի մշակույթի, կրթության ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ դեկտեմբերի 23-24-ին Մոսկվայում հանդիպել են Ադրբեջանի մշակույթի ու կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի ղեկավար Մարիաննա Մխիթարյանը և ռեժիսոր Հարություն Խաչատրյանը, իսկ հանդիպումը կայացել է ՌԴ նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի միջնորդությամբ։ Նույն այն Շվիդկոյի, ով օրեր առաջ հայտարարում էր, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անկասկած, վճռական դեր է խաղացել ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակում, և այդ դերը նա փայլուն է խաղացել:

«Նախագահ Իլհամ Ալիևը միշտ ասել է, որ եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը չի կարող լուծվել խաղաղ ճանապարհով, ապա այն պետք է լուծել ռազմական ճանապարհով: Ադրբեջանի նախագահը հենց սկզբից կոշտ դիրքորոշում է զբաղեցրել տարածքների վերադարձի հարցում, որոնք երկիրը կորցրել էր 90-ականների պատերազմի արդյունքում: Նա միշտ հետևողական է եղել այդ հարցում: Նախագահ Իլհամ Ալիևի անձնական դերակատարությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման հարցում մեծ է: Նա շատ մեծ ուշադրություն է դարձրել բանակն ամենաժամանակակից սպառազինությամբ հագեցնելու վրա: Տվյալ դեպքում նրա արժանիքը ակնհայտ է»,- ասել էր Շվիդկոյը:

Վերջինս, ի դեպ, նախկինում էլ հայ և ադրբեջանցի մշակութային գործիչների հանդիպումներ է կազմակերպել։ Արդյո՞ք այս պահին պատեհ էր հայ գործիչների մասնակցությունը նման միջոցառմանը, այն էլ ադրբեջանական լոբբիստի հովանավորությամբ։ Այս հարցը վերջին օրերին բազմաթիվ անգամներ է քննարկվել, քննադատության խոսքեր են հնչել Արմեն Մուրադյանի և մյուսների հասցեին։ Ամենահեշտը, իհարկե, Մուրադյանին, Բաբայանին և մյուսներին քննադատելն է։ Այդուհանդերձ, նրանք Մոսկվայում փոխադարձ վստահություն ստեղծելու գործում նախ և առաջ կարևորել են գերիների վերադարձի հարցը:

«Մենք ասացինք, որ երեխեքի՝ գերիների համար ենք եկել, ու մինչև այդ հարցը չլուծվի, ո՛չ կխոսենք, ո՛չ էլ կզրուցենք»,- հանդիպման մասին պատմել է ռեժիսոր Հարություն Խաչատրյանը:

Խնդիրն ամենևին էլ հանդիպմանը մասնակցած հայ գործիչները չեն, այլ Հայաստանի իշխանությունները, որոնք խրախուսում են նման հանդիպումները, փորձում տպավորություն ստեղծել, թե Հայաստանում շահագրգիռ են Ադրբեջանի հետ շփումներ հաստատելու մեջ, անհրաժեշտ հրահանգավորում չեն իրականացնում, իսկ կատարվածը փորձում են ներկայացնել իրենց դավադիր ծրագրերի շրջանակներում։ Ուստի, հաջորդ նման հանդիպումներին մեկնող մշակույթի և կրթության ոլորտի ներկայացուցիչները պետք է մի լավ մտածեն՝ արժե՞ արդյոք գնալ նման հանդիպումների, այն էլ շվիդկոյների «քավորությամբ»։

Արման Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular