ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միայն ՄԱԿ-ի ԱԽ-ն մոլորակի վրա ունի իրավունք մանդատ տրամադրել խաղաղարար օպերացիաներ իրականացնելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև հրապարակային հակամարտություն էր սկսվել:

Այս թեմայի մասին զրուցել ենք քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ։

Հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը որևէ նորություն ասել է, ինչը շարժել է Արցախի իշխանությունների զայրույթը` քաղաքագետն ասաց. «Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի պետական մարմինների, մասնավորապես, դատախազության համար բովանդակություն չէր կրում, որովհետև նա իր ելույթում, ըստ էության, արդարացրեց «Սասնա ծռեր» խմբի 2016-ի գործողությունները, ինչը հիմք է հանդիսանում գլխավոր դատախազի համար և պարտադրանք է առաջացնում վերաորակավորել այն մեղադրանքը, որ ներկայացված է եղել մինչ օրս «Սասնա ծռեր» խմբի անդամներին: Իրավական առումով այդ ելույթից բխում է, որ պահանջը, որ առաջ են քաշել «Սասնա ծռերը», եղել է օրինական և ճիշտ, և ինքը նույն գործողությունը վարչապետի կարգավիճակում կատարել է 2019-ին, երբ բացում ենք այն փաթեթը, որն առաջադրվել էր Մինսկի խմբի համանախագահների կողմից: Եթե Հայաստանի գլխավոր դատախազությունն անտեսում է այդ տեղեկությունը և համարում է դա անլուրջ, ապա ես կոչ եմ անում մեր հանրությանը և Արցախի հանրությանը համապատասխանաբար հասկանալ, որ դա որևէ լուրջ արժեք չունեցող խոսք է: Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, որ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, մենք կարող ենք դրանից մեկ եզրակացություն անել, որ կա հավանաբար պայմանավորվածություն Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև կիրառել Արցախում Կիպրոսի մոդելը՝ կիսել նախկին ԼՂԻՄ-ի տարածքը հայկական և ադրբեջանական հատվածների և սառեցնել հակամարտությունը երկարատև ժամանակով, միաժամանակ դրան զուգահեռ փորձել հայ-ադրբեջանական հարաբերություններում հաստատել համագործակցություն: Սա էր քաղաքական բովանդակությունն այն մտքերի, որոնք Նիկոլ Փաշինյանը փորձեց ներկայացնել: Իհարկե, ներկայացրեց ոչ այնքան ուղիղ, բայց գլխավոր միտքը դա էր: Գլխավոր փաստարկները, որ նա բերում էր, որ ինքը վտանգավոր է համարում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը հանրաքվեի միջոցով, բնականաբար, անլուրջ է, ինչպես նաև այն փաստարկը, որ ադրբեջանական ազգային փոքրամասնության Արցախ վերադառնալու դեպքում քվոտաներ պետք է տրվեն խորհրդարանում։ Այստեղ և վարչապետի, և իր թիմի անգրագիտությունն է ի հայտ գալիս, որովհետև 1991 թվականի դեկտեմբերին, երբ հռչակվել էր Արցախի Հանրապետության անկախությունը, առաջին Գերագույն խորհուրդը, որ ընտրվել էր, հենց այդպիսի քվոտաներ ադրբեջանական փոքրամասնության համար նախատեսում էր: Դա փաստ է և դա որպես խնդիր ներկայացնելն առնվազն վկայում է, որ այդ փաստից տեղյակ չէին վարչապետն ու իր թիմը: Նաև սխալ էին այն մտավախությունները, որ Փաշինյանը ներկայացրել էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հետ կապված, որովհետև ՄԱԿ-ի ԱԽ-ի դերակատարությունը խաղաղ կարգավորման հարցում առկա է կարգավորման առաջին իսկ օրվանից: Ակնհայտ է դա: Միայն ՄԱԿ-ի ԱԽ-ն մոլորակի վրա ունի իրավունք մանդատ տրամադրել խաղաղարար օպերացիաներ իրականացնելու համար: Իսկ Արցախի հարցի կարգավորման բոլոր փաթեթները ենթադրում էին, որ Արցախի շուրջ պետք է ստեղծվի բուֆերային գոտի, որտեղ պետք է տեղակայվեն միջազգային զորքեր, ուստի ՄԱԿ-ի ԱԽ-ի դերակատարությունն այս գործընթացում ի սկզբանե նախատեսված էր: Միայն այդպես կարող էր իրականացվել և այդպես է իրականացվելու վաղ թե ուշ, խաղաղարար օպերացիան, որը կերաշխավորի Արցախի իրական անվտանգությունը: Բացի այդ, ևս մի քանի հարցերով Նիկոլ Փաշինյանը «փայլեց», որոնք վկայում են այն մասին, որ ինքը չի տիրապետում առարկային և այն մարդիկ, որոնք այսօր ներգրավված են այդ գործընթացի մեջ՝ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, հավանաբար թե միջազգային իրավունքի դաշտում, թե առհասարակ իրավունքի դաշտում թույլ պատրաստվածություն ունեն, շատ ցածր մակարդակի վրա են նյութեր պատրաստում, որը վարչապետը ներկայացնում է բարձր ամբիոնից ողջ ժողովրդին»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular