ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր տարի՝ նոր թանկացումներով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եկող 2022 թվականը նոր թանկացումների տարի է լինելու Հայաստանի բնակչության համար։ Ջրի թանկացմանը հաջորդեց նաև էլեկտրաէներգայի սակագինը բարձրացնելու որոշումը. փետրվարի 1-ից բաժանորդները միջինը 4,7 դրամով ավելի կվճարեն սպառած յուրաքանչյուր կՎտ*ժ-ի համար։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ որոշում է կայացրել. ամսական մինչև 200 կիլովատտ հոսանք սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 1,5 դրամով, 200-400 կՎտ*ժ սպառողների համար՝ 3,5, իսկ 400 կՎտ*ժ-ից ավելի էլեկտրաէներգիա սպառողները 5,5 դրամ ավելի կվճարեն։ Հոսանքի գինը նույնը կմնա սոցիապես անապահով խավերի համար։ Բնակիչների համար այժմ գործում է ցերեկային 45, գիշերային 35 դրամ սակագինը։ Հոսանքի թանկացման հիմնական պատճառներից են ատոմակայանի արդիականացման համար վերցված 270 միլիոն դոլարի վարկային բեռն ու ռուսական «Գազպրոմ» ընկերության նկատմամբ չկատարված պարտավորությունները։

2013-ին կնքված պայմանագրով Հայաստանը պարտավորվել էր ապահովել «Գազպրոմին» պատկանող Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի համար կատարված ներդրումների վերադարձն ու շահութաբերությունը։ Գումարը, սակայն, ոչ միայն չի վերադարձվել, այլև ընկերության վարկային բեռն է մեծացել։ ՀԾԿՀ-ն հայտարարել է, թե Հրազդան 5-ի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը հնարավորություն է տալիս տասը տարով ամրագրել սահմանին գազի գինը՝ 165 դոլար 1000 խորանարդ մետրի համար՝ 7900 կիլոկալորիա ջերմատվության պայմաններում։ Հայաստանն այժմ ավելի որակյալ գազ է ստանում, սակայն նույն 165 դոլարն է վճարում։ Այժմ քննարկվում է գազի գինը կալորիականությամբ ճշգրտելու տարբերակը, այսինքն՝ որակյալ գազ ստանալիս Հայաստանն ավելի շատ կվճարի։

Փաստացի՝ տասը տարով սահմանին 165 դոլար ֆիքսելը դեռ չի նշանակում, որ սպառողները մի օր ավելի շատ չեն վճարի իրենց բնակարան հասնող գազի համար։ Այս հարցի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։ Տնտեսագետները նշում են, թե այս թանկացումներն ու սննդամթերքի ավելի քան 17 տոկոս գնաճը շատ արագ կազդեն մարդկանց կենսամակարդակի վրա, առավել ևս, որ կենսաթոշակների ու նպաստների բարձրացում նախատեսված չէ, իսկ պետական աշխատողների աշխատավարձերը մնալու են նույնը։ Իսկ հոսանքի թանկացումը լրջորեն կազդի տնտեսվարողների վրա, որոնք իրենց կորուստները փորձելու են փոխհատուցել ապրանքներ գների բարձրացումներով։

Ըստ երևույթին, հաջորդ տարին ֆինանսական և սոցիալական առումով ավելի ծանր է լինելու ՀՀ շարքային քաղաքացիների, բայց ոչ իշխանությունների համար։ Վերջիններս մատը մատին չեն խփում, փոխարենը կեղծում են վիճակագրական տվյալները, հանրությանը փորձում համոզել, թե իրենք սկսել են ավելի լավ ապրել։

Աննա Սիմոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular