ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաթոլոգիկ վախկոտի սինդրոմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեկտեմբերի 31-ին Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելել է մարտական դիրքեր, ինչպես նաև ՊՆ N զորամաս: Փաշինյանն այս զորամասում ծանոթացել է կենցաղային պայմաններին, շնորհավորել զինվորականներին, պարել նրանց հետ, մասնակցել տոնական ընթրիքի։ Կարծես սովորական ամանորյա այց էր, որ ամեն տարի պետության ղեկավարներն իրականացրել են։ Բայց, կա մի բայց։ Տարածված տեսանյութերում և լուսանկարներում երևում է, որ մարտական ծառայություն իրականացնող զինվորները վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին դիմավորել են պահունակները հանած ինքնաձիգներով։ Այս դեպքն ընդամենը վկայում է Նիկոլ Փաշինյանին պատած պաթոլոգիկ վախի, ամեն տեղ դավադրություններ որոնելու և գտնելու, նույնիսկ զինված ուժերի զինծառայողներին չվստահելու մասին։ Իհարկե, Փաշինյանի թիկնազորը կարող էր նախապես ստուգել բոլոր ինքնաձիգներն ու պահունակները, որպեսզի «շեֆի» սրտում կասկած չլինի, բայց պարզապես հանել են տվել պահունակները։

Ժամանակին ամեն հնարավոր առիթով փողոց դուրս եկող, սելֆիներ անող մարդը 44-օրյա պատերազմից հետո հիվանդագին վախի ճիրաններում է հայտնվել, չի վստահում ոչ ոքի և ոչնչի, ավելացրել է իր թիկնապահների թիվը, և այլևս երբեք չի կարողանալու հանգիստ քայլել ոչ մայրաքաղաքի որևէ փողոցում, ոչ էլ, անգամ, որևէ զորամասում։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրում» խոսում են, թե Նիկոլ Փաշինյանի այս մոլուցքն արդեն հոգեբանական բարդույթի է վերածվել։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը վախենում է նաև գաղտնալսումներից։ Իզուր չէ, որ խմբակցության պատգամավորների հետ հանդիպումներից առաջ հավաքում են բոլորի հեռախոսները, որպեսզի որևէ մեկի մտքով չանցնի ձայնագրել կամ տեսագրել նրա հիստերիկ ջղաձգումները։ Նույնիսկ այդ նիստերին պատգամավորներին ներս են թողնում մետաղորսիչով զննելուց հետո։ Այդ դեպքում բոլորովին էլ տարօրինակ չէ, որ զինվորներին էլ զրկել էին պահունակներից, որպեսզի Փաշինյանը հանգիստ սրտով գա, մի քանիսին պարգևատրի, հանգիստ պարի ու ընթրի։ Իսկ Հայաստանը հայտնվել է պաթոլոգիկ վախը սրտում ապրող փոքրիկ բռնապետի ձեռքում, և ծվատվում է օրեցօր։

Ռազմիկ Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular