ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանին գործնականորեն ներքաշեցին ավտորիտարիզմի անդունդը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի՝ Ղազախստան մեկնելու հանգամանքը միանշանակ չընդունվեց Հայաստանի ներսում։

Այս թեմայի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ։

Հարցին, թե ինչ կարծիք ունի այս մասին` քաղաքագետը ասաց․ «Այս գործընթացին Հայաստանի մասնակցությունը, բնականաբար, դրական չեմ համարում, իսկ դրա պատճառները շատ են։ Իրադարձությունները ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ը, ըստ էության, ոչ թե պետությունների անվտանգությունը պաշտպանող կառույց է, ինչը բացահայտվեց Հայաստանի դեպքում, երբ խախտվեց Հայաստանի տարածքային ամբողջականությունը և որևէ գործողություն չեղավ ի պատասխան դրան ու հակառակը՝ Ղազախստանի դեպքերով ապացուցվում է, որ ՀԱՊԿ-ը ավտորիտար ռեժիմները պաշտպանող կառույց է և այսպես արագորեն մոբիլիզացվում է միայն այսպիսի դեպքերում ու առավելապես միջամտելով պետությունների ներքին գործերին ու ոչ թե նրանց պաշտպանելով արտաքին սպառնալիքներից։

Հայաստանն այս գործընթացին կարող էր մասնակցել երկու տարբերակով․ ֆորմալ առումով՝ որպես նախագահող այդ կառույցում, որտեղ կարելի էր գործընթացը ըստ էության շատ նրբանկատորեն կազմակերպել, բայց Հայաստանը չմասնակցեր դրան, այսինքն որևէ «խաղաղապահ» զորք չուղարկեր։ Չակերտներով եմ ասում, որովհետև այստեղ խաղաղարարության մասին խոսք լինել չի կարող, խաղաղապահ ուժեր լինում են, եթե պետությունների միջև կան լարումներ։ Հայաստանը կարող էր կազմակերպել գործընթացն ու չմասնակցեր դրան, դա կլիներ չարյաց փոքրագույնը մեզ համար։ Ղազախստանի լավագույն ընկերը Ադրբեջանն էր, ու նա կարող էր Ադրբեջանից այդ օգնությունը պահանջել, բայց տեսնում ենք, որ ՀԱՊԿ-ին է դիմում, ինչը միանգամից ի ցույց է դնում այն, որ սա կանխամտածված գործընթաց է: Ըստ իս՝ Ռուսաստանի մատը խառն է այդ ներքին լարումներում, որովհետև, նախ՝ չկա քաղաքական իմաստով առաջնորդ, այսինքն չկան արտաքին քաղաքական պահանջներ, ընդդիմադիրներ, սա սոցիալական հիմքից բխող ընդվզում է։ Կարծում եմ՝ Ղազախստանը դիմադրել է միութենական պետությունների շարքում ներգրավվելու առաջարկին ու փոխարենը ստացել է այս ներքին հուզումները։ Ըստ էության, ՀԱՊԿ-ը ինտերվենցիա է անում, որովհետև եթե Ղազախստանը դիմեր Ռուսաստանին, կամ Ռուսաստանն ինքը միջամտեր, սա կդիտվեր որպես ինտերվենցիոն գործողություն, բայց քանի որ դիմել է ՀԱՊԿ-ին, այդ պատասխանատվությունը բաժանվում է անդամ պետությունների միջև։ Ղազախստանում պետք է նախ ապալեգիտիմացնել իշխանություններին, ինչպես արվեց Բելառուսում, երբ Լուկաշենկոյին թվում էր, թե կարող է վերահսկել իշխանությունը, բայց հետո դիմեց Ռուսաստանին ու փոխարենը ստացավ միութենական պետություններին անդամակցելու առաջարկը: Նույնը, կարծում եմ՝ կլինի Ղազախստանում, ճնշվելու են այս գործընթացները, ապալեգիտիմանալու են իշխանությունները, ինչի դիմաց Ղազախստանի իշխանությունն այն պահելու համար պետք է գնա այն ճանապարհով, որն իր համար որոշել է Ռուսաստանը։ Կարծում եմ՝ Ղազախստանում այս խնդիրն է այսօր ու ոչ թե դեմոկրատականության»։

Հարցին, թե Հայաստանի մասնակցությունն այս գործընթացին ի՞նչ հետևանքներ է ունենալու` Էմիլ Օրդուխանյանն ասաց․ «Այս ամենին Հայաստանի չմասնակցելը կբխեր միայն ՀՀ շահերից, բայց տեսանք, որ ներքաշվեց դրա մեջ, ու, բնականաբար, սա շատ բացասական է անդրադառնալու մեր պետության ժողովրդավարական իմիջի վրա, որովհետև ՀԱՊԿ ու ԵԱՏՄ կազմում միակ պետությունը Հայաստանն էր, որը այդ իմիջը ձևավորելու շնորհիվ էր, որ հրավիրվեց ժողովրդավարության գագաթնաժողովին։ Այս քայլով սև բիծ կքաշվի այդ իմիջին, ինչը կրկին ձեռնտու կլինի Ռուսաստանին, որովհետև ստացվում է, որ Հայաստանին գործնականորեն ներքաշեցին ավտորիտարիզմի անդունդը, որտեղից դուրս գալը Հայաստանի համար կլինի բավականին բարդ, եթե ոչ՝ անհնարին»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular