ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիան ավելի մեծ կարևորություն է տալու Հայաստանին և Արցախին հիմա նաև ԵՄ նախագահության մակարդակով. Կայծ Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ստանձնելով Եվրամիության խորհրդի նախագահությունը՝ Ֆրանսիան ինքնաբերաբար ավելի մեծ կարևորություն է տալու Հայաստանի և Արցախի հարցերին ոչ միայն իբրև Հայաստանի բարեկամ երկիր և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, այլ այժմ նաև որպես Եվրամիության նախագահող: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդպիսի կարծիք հայտնեց Փարիզի Քաղաքագիտության հիմնարկի փորձագետ, ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանը՝ շեշտելով, որ Հայաստանի դիվանագիտությունը առաջիկա վեց ամսվա ընթացքում պետք է շատ աշխույժ լինի արդյունքի հասնելու համար:

«Ֆրանսիան վաղուց կարևորություն է տալիս թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի հարցին, քանի որ թե՛ բարեկամական երկիր է Հայաստանի և թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է: Ուրեմն, Ֆրանսիան ինքնաբերաբար պետք է ավելի մեծ կարևորություն տա Հայաստանին և Արցախին՝ հիմա նաև Եվրամիության նախագահության մակարդակով: Դա նշանակում է,որ Ֆրանսիան ավելի շատ ուժ պիտի ունենա առաջիկա վեց ամսվա ընթացքում և պիտի օգտագործի նախագահական ընտրությունների առթիվ, որպեսզի ավելի մեծ արձագանք ստանան Հայաստանը և Արցախը: Բայց դա չի նշանակում, թե պետք է հանգիստ նստել և ոչինչ չանել: Ճիշտ հակառակը՝ Հայաստանի դիվանագիտությունը, Հայաստանի կառավարությունը և հայկական «փափուկ ուժը» պետք է ավելի աշխույժ լինի այդ ժամանակաշրջանում, որպեսզի ստանա՝ ինչ հնարավոր է և ինչու չէ՝ մի քիչ ավելին», -«Արմենպրես»-ին հաղորդեց Կայծ Մինասյանը:

Ըստ քաղաքագետի՝ թե՛ Ֆրանսիայի նախագահությունը Եվրամիությունում և թե՛ ապրիլին կայանալիք Ֆրանսիայի նախագահի ընտրությունները բացառիկ առիթ են հայերի և Հայաստանի համար փորձելու հայկական հարցերին քաջատեղյակ Էմանուել Մակրոնի հետ միասին առաջ գնալ տարածաշրջանի խաղաղության ու կայունության, զարգացման, հայ գերիների վերադարձի և մի շարք այլ հարցերում:

Մինասյանի խոսքով՝ դեկտեմբերին Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի այցը Արցախ ավելի է մեծացրել Լեռնային Ղարաբաղի հարցի կարևորությունը Ֆրանսիայի նախընտրական քարոզարշավի համատեքստում, բայց թե ինչ կասի կամ ինչ կանի նախագահ Մակրոնը տվյալ հարցի վերաբերյալ և ինչ կասեն մյուս թեկնածուները՝ հայտնի չէ: Հետևաբար, կանխատեսումներ անելն առայժմ դժվար է:

2022 թ. հունվարի 1-ից Ֆրանսիան վեց ամիս ժամկետով ստանձնել է Եվրոպական միության խորհրդի նախագահությունը: Այդ կարգավիճակը ԵՄ անդամ երկրները ստանում են 13 տարվա մեջ մեկ անգամ: Էմանուել Մակրոնը, որպես Ֆրանսիայի ղեկավար դառնալով նաև եվրոպական 27 անդամ պետությունների միության փաստացի առաջնորդը, հավակնոտ օրակարգ է ներկայացրել՝ հայտարարելով, որ այդ ժամանակահատվածը առաջընթացի ժամանակ է լինելու Եվրոպայի համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular