ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղազինյանի ահից օրենք են փոխում․ ինչպե՞ս հետաձգել պատերազմի հանգամանքների հետաքննությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը գտել է տարբերակը՝ ինչպես Արթուր Ղազինյանին չընտրել Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ։ Հիշեցնենք, 14 անգամ իշխող ուժը մերժեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, հիմա էլ վեց նիստ շարունակ նորանոր պատճառաբանություններ է բերում, որպեսզի խափանի հանձնաժողովի բուն աշխատանքը։ Ընդդիմադիր դաշինքը վաղուց այլևս նոր թեկնածու չի ներկայացնում՝ ՔՊ-ին զրկելով մանևրելու հնարավորությունից։

Անդրանիկ Քոչարյանի ենթակաները, սակայն, ամեն գնով մտադիր են ձգձգել 44-օրյա պատերազմի հանգամանքների հետաքննությունը, ուստի հիմա էլ նոր մեթոդ են մշակել։ Դեռևս երեք նիստ առաջ Քոչարյանը հայտարարեց, թե ըստ կանոնակարգի` փոխնախագահ առաջադրելու իրավունքն անցել է «Քաղաքացիական պայմանագրին», երեկ էլ վերջապես «կողմնորոշվել» են, որևէ թեկնածու չեն ներկայացնելու և թափուր են թողնելու այդ պաշտոնը։ Անդրանիկ Քոչարյանի պնդմամբ՝ իշխող ուժը նման քայլով հնարավորություն է տալիս «Հայաստան» խմբակցությանը իրենց հետ նստել քննարկման ու Արթուր Ղազինյանից բացի այլ թեկնածու առաջադրել: Իսկ որպեսզի այդ ամենը օրենքի տեսք ստանա, ոչ անհայտ մի պատգամավորի՝ Վիլեն Գաբրիելյանին գործուղել էին Պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ սեփական օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնելու։

Գաբրիելյանն առաջարկել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում ամրագրել, որ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող խմբակցությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում նախագահի տեղակալի նոր թեկնածու չառաջադրի, ապա թեկնածու առաջադրելու իրավունքը կանցնի հանձնաժողովում մեծամասնություն ունեցող ուժին: Ընդդիմության ներկայացուցիչները իրավական փաստերով ապացուցեցին, որ «Քաղաքացիական պայմանագրի» այս անհեթեթ առաջարկը դուրս է թե՛ օրենքից, թե՛ տրամաբանությունից, սակայն օրենքի ու տրամաբանության հետ անկհայտ խնդիրներ ունեցող փաշինյանականները ամեն գնով որոշել էին անցկացնել իրենց նախաձեռնությունը։ 3 դեմ, 7 կողմ ձայներով հանձնաժողովը նախագիծն ուղարկել է լիագումար նիստի։ Այնտեղ էլ, կասկած չկա, «Քաղաքացիական պայմանագիրը» կդակի հերթական ապօրինությունը։ Նիկոլ Փաշինյանին ամեն գնով հարկավոր է Արթուր Ղազինյանին հեռու պահել Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից, և նա ոչնչի առջև կանգ չի առնի, այդ թվում՝ իր կուսակիցներին խայտառակելուց։

Տիգրան Դանիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular