ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ապրելու երկիրը» անլրջացավ, կամ ինչպե՞ս թիմը քաշեց Ռուբեն Վարդանյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի նորամուտը հայաստանյան քաղաքական դաշտ կարող էր շռնդալից լինել, փոխարենը նրա հիմնած «Ապրելու երկիր» կուսակցությունը փչացրեց իր վարկանիշը։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ՌԴ քաղաքացիությունից հրաժարված և Հայաստան տեղափոխված Վարդանյանը կարող էր իրական մրցակցություն ապահովել գործող իշխանություններին՝ հաշվի առնելով թե՛ նրա կապերը Ռուսաստանում, թե՛ նույն Արևմուտքում, որտեղ Վարդանյանը, ի դեպ, բավական լուրջ և ազդեցիկ ընկերներ ունի։

Կուսակցությունը շոշափելի արդյունքներ գրանցեց վերջին ՏԻՄ ընտրություններում։ Մասնավորապես, Նոյեմբերյանում «Ապրելու երկիրը» դաշինքի կազմեց «Հանուն Հանրապետության» կուսակցության՝ ավագանու անդամ դարձած ներկայացուցիչների հետ, և համայնքապետ ընտրվեց «Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակի առաջին համարը։

Համայնքապետ ընտրելու շանսեր «Ապրելու երկիրն» ուներ նաև Արմավիրի մարզի Փարաքար համայնքում։ ՏԻՄ ընտրություններում Փարաքարում 10 մանդատ էր ստացել «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ՝ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։ Առաջին իսկ նիստում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն համայնքապետ ընտրվեց, թեև մյուս ուժերը դիմադրություն ցույց տվեցին։ Ռուբեն Վարդանյանի կուսակիցները՝ Մանե Թանդիլյանի, Մեսրոպ Առաքելյանի գլխավորությամբ, բողոքի ակցիաներ արեցին Փարաքարում, խոստացան դատական կարգով ապահովել իրենց թեկնածուի ընտրությունը, բախումների և ծեծկռտուքների մասնակցեցին, քաշքշուկների մեջ ընկան ու․․ հրաժարվեցին մանդատներից։

Հունվարի 9-ին, երբ Փարաքարում ավագանու նոր նիստ եղավ «Շիշ բռնող» Հայկ Սարգսյանի աչալուրջ հսկողության ներքո, համայնքապետ ընտրվեց Դավիթ Մինասյանը՝ «Դավիթ Մինասյան» դաշինքից։ «Ապրելու երկիր» խմբակցության համայնքապետի թեկնածու Վալոդյա Գրիգորյանն էլ հայտարարեց, թե հանուն համերաշխության իրենք վայր են դնում մանդատները։ Փաստացի, ամենամեծ ներկայացվածությունն ունենալով ավագանու կազմում, «Ապրելու երկիրը» նախընտրեց թքել իր իսկ ընտրողների կարծիքի վրա, լքել մարտի դաշտը և անլրջացնել իրենց անցած կարճ ճանապարհը։ Հաջորդ ընտրություններին ՀՀ բոլոր համայնքների ընտրողներն արդեն լուրջ մտածելու բան ունեն՝ արդյո՞ք այդ դեպքերում էլ «Ապրելու երկիրը» վերջին պահին չի լքի խրամատը։ Միգուցե իրեն ընդդիմադիր դիրքավորող կուսակցությունը ինչ-ինչ ներքին պայմանավորվածությունների մեջ է մտել գործող իշխանությունների հետ։ Ի վերջո, այդ ուժին ամիսներ շարունակ կապում էին թե՛ «Քաղաքացիական պայմանագրի», թե՛ արմատական ընդդիմության հետ։ Ամեն դեպքում, կուսակցության նորամուտը լավ չստացվեց։

Ռաֆայել Մուրադյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular