ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2 երիտասարդ բռնությամբ «ռազբոյների» են ենթարկել միայնակ կանանց

ԻՐԱՎՈՒՆՔ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աշոտ Մանուկյանի նախագահությամբ ավարտվել է Գրիշա Մարտիրոսյանի և Արթուր Էլոյանի գործի դատական քննությունը:

31-ամյա Գրիշան ու 37-ամյա Արթուրը մեղադրվում էին մի քանի դրվագ ավազակային հարձակումներ կատարելու համար:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի օգոստոսի 8-ից մինչև նոյեմբերի 24-ը Գրիշան ու Արթուրը նախնական համաձայնությամբ, որպես զենք գործադրված առարկաների գործածությամբ կատարել են մի շարք ավազակային հարձակումներ, հափշտակել են ոսկե զարդեր, տեխնիկա ու գումարներ:

Օգոստոսի 8-ին, գիշերվա ժամը 2-ն անց 15-ի սահմաններում Գրիշա Մարտիրոսյանը Արթուր Էլոյանի հետ նախնական համաձայնությամբ ու մետաղե լինգով զինված վերջինիս անձնական օգտագործման «ՎԱԶ-21063» ավտոմեքենայով գնացել են Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղ, մեքենան կանգնեցրել են գյուղի սկզբնամասում, ոտքով հասել են Գեղեցիկ Մ.-ի տուն, մուտք են գործել բակ, այնտեղից ՝ խոհանոց, որտեղ, տունը նորոգելու պատճառով, ժամանակավորապես քնում էր տանտիրուհին:

Վերջինս անկողնում պառկած է եղել: Հարձակվողները փակել են մուտքի դուռը, Արթուրը ձեռքով փակել է անկողնում պառկած տանտիրուհու բերանը: Մետաղե լինգը դրել են կնոջ պարանոցին, սպառնացել են սպանել: Արթուր Էլոյանը, ըստ մեղադրանքի, նաև բռունցքով մի քանի հարված է հասցրել տանտիրուհու դեմքին ու մարմնին, պատճառել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Արթուրն ու Գրիշան պահանջել են ոսկե զարդեր ու գումար: Տանտիրուհին փորձել է դիմադրել, թափահարել է ոտքերն ու ձեռքերը:

Արթուրն ու Գրիշան իրենց հետ վերցրած պլաստմասսայից գոտիներով կապել են Գեղեցիկի ձեռքերն ու ոտքերը, շորով փակել են նրա բերանը, նրան թողել են անկողնու մեջ, սենյակում ոսկեղեն ու գումարներ են փնտրել, բայց ոչինչ չեն գտել:

Արթուրի ցուցումով Գրիշան Գեղեցիկի ականջներից հանել է ականջօղերը, ձախ ձեռքից՝ ոսկե մատանին: Արթուրը քաշել-պոկել է Գեղեցիկի ոսկե շղթան՝ կախազարդի հետ միասին: Նրանք վերցրել են նաև տանտիրուհու մոտ հայտնաբերած ևս երկու ոսկե շղթաները, մեկը՝ կախազարդով, երկուական կանացի ու տղամարդու ոսկե մատանիները:

Արթուրի առաջարկով զննել են կնոջ մարմինը, հայտնաբերել են նրա ներքնազգեստի մեջ թաքցված, թաշկինակով փաթեթավորված 3 հազար դոլար գումարը ու հեռացել են:

Ըստ մեղադրանքի՝ Գրիշան ու Արթուրը այս տուժողից հափշտակել են ընդհանուրը՝ 5 միլիոն 354 հազար 50 դրամի ոսկե զարդեր, կանխիկ գումար:

Սեպտեմբերի 13-ին, գիշերվա ժամը 3-ի սահմաններում Գրիշան ու Արթուրը զինվել են դանակով, կպչուն ժապավենով փաթաթված գարեջրի ապակե շշով ու Արթուրի մեքենայով գնացել են Ախուրիկ գյուղ:

Մեքենան դարձյալ կանգնեցրել են գյուղի սկզբնամասում, ոտքով մտել են գյուղ, ապօրինի մուտք են գործել Մարո Վ.-ի բակ: Տան պատուհանի կիսաբաց փեղկը բացել ու ներխուժել են տուն:

Լսելով Մարոյի դստեր ձայնը՝ նրանք մտել են այն սենյակ, որտեղ գտնվում էին մայր ու դուստր:

Անկողնում պառկած Մարոյի նկատմամբ բռնություն են գործադրել՝ հարվածներ են հասցրել գարեջրի ապակե շշով, ապա դանակով՝ նրա առողջությանը պատճառել են թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Մարոյից պահանջել են ոսկե զարդեր ու գումար: Գրիշան այդ ընթացքում դանակով սպառնացել է Մարոյի դստերը, սավանով կապել է նրա ձեռքերն ու ոտքերը:

Հարձակվողները Մարոյին սպառնացել են, որ ոսկեղեն ու գումար չտալու դեպքում կբռնաբարեն նրա դստերը:

Մարոն հարձակվողներին է հանձնել 80 հազար դրամ:

Մարոյին գցել են հատակին, քարշ տալով տարել են մյուս սենյակ, որտեղ հարձակվողների պահանջով Մարոն տվել է ոսկե զարդեր, արծաթե մետաղադրամներ: Նրա դստեր պայուսակից հափշտակել են նաև երեք հատ բջջային հեռախոս, դյուրակիր համակարգիչ, պլանշետ:

Մարոյին գցել են անկողնուն, նրան ևս, ինչպես դստերը, կապել են սավանով, սպառնացել են սպանել ու հրկիզել տունը, եթե կատարվածի մասին նրանք հայտնեն իրավապահներին, ու հեռացել են՝ հափշտակելով ընդհանուրը՝6 միլիոն 760 հազար դրամի ոսկե զարդեր, կանխիկ դրամ, հեռախոսներ ու այլ տեխնիկա:

Հաջորդ հարձակումը կատարել են նոյեմբերի 22-ին, գիշերվա ժամը 3-ն անց 30-ի սահմաններում: Գրիշան ու Արթուրը իրենց հետ վերցրել են դանակ, կպչուն ժապավենով փաթաթված գարեջրի երկու ապակե շիշ ու գնացել են Գյումրու բնակչուհի Վարդուշ Թ.-ի տնակ: Նրանք կոտրել են տնակի դռան փականը, ներս են մտել, դանակը դրել են Վարդուշի պարանոցին, սպանության սպառնալիքով պահանջել են ոսկե զարդեր ու գումար:

Ըստ մեղադրանքի՝ Արթուրը ծեծել է տանտիրուհուն, ապա հափշտակել են նրան պատկանող բջջային երեք հեռախոսները, դյուրակիր համակարգիչը, ոսկե զարդեր, բիժուտերիա, վարսահարդարիչ, կանացի երեք զույգ կոշիկ, մեկ զույգ մարզական կոշիկներ, մարզական հագուստ, այլ հագուստներ, նույնիսկ ՝ տոնածառ, 10 հազար 500 դրամ կանխիկ գումար, ընդհանուրը՝ 966 հազար դրամ արժողության գույք ու գումար: Տանտիրուհու ոտքերն ու ձեռքերը կապել են պարանով, նրան այդպես կապկպված՝ գցել են մահճակալի վրա ու հեռացել են:

Հաջորդ հարձակումը գործել են նոյեմբերի 24-ին, գիշերվա ժամը 3-ն անց 30-ի սահմաններում: Զինվել են դանակով, մետաղե լինգով, իրենց հետ վերցրել են հակի թել, կպչուն ժապավեն, կես լիտր բենզին ու ներխուժել են Գյումրիի Ավտոկայան բանավանի բնակիչներ Հայարփի Մ.-ի ու Կարինե Գ.-ի տնակ: Մետաղե լինգով բացել են տնակի արտաքին դուռը, ապա Արթուր Էլոյանը բղավել է. «Ոստիկանությունն է, դուռը բացե՛ք»: Նա ոտքով հարվածել ու բացել է տնակի մուտքի երկրորդ դուռը, և ներս են խուժել:

Անկողնում պառկած Հայարփիի, նրա անչափահաս որդու նկատմամբ բռնություն են գործադրել՝ բենզին են լցրել նրանց դեմքերին, սպառնացել են հրկիզել նրանց ու տնակը: Հետո ցատկել են անկողնու վրա, դանակով սպառնացել ու պահանջել են ոսկե զարդեր ու գումար:

Այնուհետև ոլորել են Հայարփիի ձեռքերը, հարվածներ են հասցրել նրա դեմքին, քաշել են մազերը, կպչուն ժապավենով փակել են բերանը, հակի թելով կապել են Հայարփիի ու նրա որդու ձեռքերն ու ոտքերը, դանակով հարվածել են անչափահաս տղայի արմունկին՝ պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: Այնուհետև Հայրափիին ու նրա որդու ներքնակներով քաշել-անկողնուց գցել են հատակին: Նրանցից հափշտակել են 2 միլիոն 603 հազար 750 դրամ արժողության գույք՝ բջջային հեռախոսներ, կանխիկ դրամ, դյուրակիր համակարգիչ, սպորտային կոշիկներ: Հայարփիին ու որդուն թողնելով կապկպված վիճակում ու հափշտակելով նրանց գույքը՝ Գրիշան ու Արթուրը հեռացել են:

Ամբաստանյալ Գրիշա Մարտիրոսյանն ու Արթուր Էլոյանը իրենց մասնակի են մեղավոր ճանաչել:

Գրիշան դատարանում հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքում նա հայտնել է, որ Ռուսաստանից Հայաստան է վերադարձել 2013 թվականի օգոստոսին: Ապրել է քրոջ տանը՝ Ախուրիկ գյուղում:

2014 թվականի ամռան կեսին տաքսիով քրոջ տուն գնալիս ծանոթացել է տաքսու վարորդ Արթուր Էլոյանի հետ: Հեռախոսահամարներ են փոխանակել:

Ինքը պաշտպանության նախարարությունից իմացել է, որ բանակում չծառայելու դիմաց պետք է օրենքով սահմանված պարտադիր մուծում կատարի 1միլիոն 800 հազար դրամի չափով, որ կարողանա անձնագիր ստանալ: Այդ ժամանակ իր մոտ գաղափար է առաջացել, որ ուրիշի գույք հափշտակի ու այդ եղանակով կարողանա հավաքել պահանջվող գումարը:

Հանդիպել է տաքսիստ Արթուրին ու հարցրել է. «Հեչ փողի ալիք չունե՞ս, որ թղթերս սարքեմ ու գնամ Ռուսաստան»: Նրան ասել է, թե մայրը Ռուսաստանում հիվանդ է, պատրաստ է ուրիշներին էլ թալանել, միայն թե գումար ձեռք գցի: Արթուրն ասել է, թե իր մայրն էլ է հիվանդ, իրեն էլ է գումար անհրաժեշտ:

Այդպես ինքն ու Արթուրը պայմանավորվել են ուրիշի գույք թալանել ու իրենց խնդիրները լուծել…

Արթուրն ասել է, թե «աչքի տակ մի հատ տուն կա»՝ Գյումրիի մոտի գյուղում, էնտեղ հաստատ ոսկե զարդեր կլինեն…

Այդպես իրենք մտել են Ոսկեհասկ գյուղի տարիքով բնակչուհու տուն: Իրենց սև գլխարկները հակառակ կողմով դրել են իրենց գլուխներին, քաշել են մինչև աչքերը, վերնաշապիկների օձիքներն էլ բարձրացրել են վերև ու փակել են իրենց դեմքերը՝ բաց են մնացել միայն աչքերը:

Իրենց հագին շինարարական սև ձեռնոցներ էին:

Անկողնում պառկած կինը արթնացել է, իրենք փակել են նրա բերանը, կապել են նրա ոտքերն ու ձեռքերը: Իր հիշելով՝ այդ կինը կլիներ 50-60 տարեկան: Նա գլխով հասկացրել է, թե գումար ու ոսկեղեն չունի: Իրենք նրան թողել են անկողնում կապկպված, սենյակներում գումար ու ոսկեղեն են փնտրել, չեն գտել: Երբ արդեն դուրս էին գալիս, Արթուրն ասել է, թե կնոջ վրա զարդեր կային: Հետ են դարձել, հանել են նրա ականջօղերը, մատից՝ մատանին, վզից քաշել-պոկել են շղթան: Արթուրը շոշափել է այդ կնոջ մարմինը ու ոտքերի արանքից հայտնաբերել է ինչ-որ փաթեթ, որի մեջ դոլար է եղել, իրենք առանց հաշվելու վերցրել և դուրս են եկել:

Հետո մեքենայի մեջ հաշվել են՝ փաթեթում 2600 դոլար կար: Այդ գումարը կիսել են… Ականջօղերը ոսկուց չէին, իրենք մեքենայից նետել են դուրս, իսկ պոկված շղթան մնացել է Արթուրի մոտ:

Չի բացառվում, որ Արթուրը մի քանի ապտակ հասցրած լինի այդ կնոջը, իսկ ինքը նրան չի հարվածել: Իր վերցրած դոլարները ինքը փոխանակել է ու փակել է խանութներին ունեցած պարտքերը…

Ընդհանուր իրավասության դատարանը Գրիշա Մարտիրոսյանին ու Արթուր Էլոյանին մեղավոր է ճանաչել չորս դրվագ ավազակային հարձակումների համար:

Գրիշա Մարտիրոսյանը վերջին հաշվով դատապարտվել է 14 տարի 6 ամիս, իսկ Արթուր Էլոյանը՝14 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2014 թվականի դեկտեմբերի 4-ից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular