ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ ԱԳՆ անհեթեթ առաջարկը և ՄԻՊ արդարացի զայրույթը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունների անողնաշար քաղաքականությունը հարուցել է նույնիսկ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի զայրույթը։ Օմբուդսմենը երեկ անդրադարձել է ՀՀ ԱԳՆ անհեթեթ առաջարկին՝ հայելային հետ քաշել զորքերը ՀՀ սահմանից։ Արման Թաթոյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից հնչող բոլոր խաղաղասիրական հայտարարությունները կեղծ են, իսկ հայելային հետքաշման վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը` սխալ քաղաքականություն։ Հիշեցնենք, որ հունվարի 11-ին ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարություն էր տարածել, որտեղ անդրադարձել էր նույն օրը գրանցված սահմանային միջադեպերին ու խստորեն դատապարտել էր ադրբեջանական ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը։ Նախարարությունը շեշտել էր, որ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու միջոցներից մեկը կարող է լինել հայ–ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի երկայնքով միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկումը։

«Խաղաղասիրական հայտարարությունները կեղծ շղարշ են միջազգային հանրության համար՝ իրական դեմքը քողարկված պահելու նպատակով։ Մեր ԱԳ նախարարության առաջարկն էլ անտեսում է մարդու իրավունքները։ Հարգում եմ ԱԳՆ-ի աշխատանքը, բայց սա սխալ մոտեցում է։ Բավական է, չի կարելի մարդուց կտրել իր անվտանգության հարցը։ Եթե մենք շարունակենք կտրել անվտանգությունը մարդուց ու մարդու իրավունքներից, մենք կզրկվենք նաև անվտանգությունից», - ընդգծել է Թաթոյանը և հավելել, թե հարց է առաջանում՝ ո՞ւր պետք է հետ քաշվի հայկական կողմը, որտեղի՞ց, ամբողջ շփման գիծը շատ տեղերում անցնում է քաղաքացիների տների միջով, հողերի միջով, հետևաբար, այս մոտեցումը չի ապահովում մարդու իրավունքները։ Մարդու իրավունքների պաշտպանը ԱԳՆ հայտարարությունն անվանել է մարդու իրավունքներն անտեսող առաջարկ, ասել, որ քաղաքական ու ռազմական պաշտոնյաները պետք է դադարեցնեն սահմանային անվտանգության, բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը դիտարկել միայն ռազմական ու քաղաքական տեսանկյունից։

Մարդու իրավունքների պաշտպանը, հիշեցնենք, միակ պաշտոնյան էր, ով արձանագրեց, թե Ադրբեջանը ՀՀ տարածքը գնդակոծում է ՀՀ ինքնիշխան տարածքից, որտեղ հայտնվել է դեռ անցած տարվա մայիսից։ Ո՛չ ՊՆ, ո՛չ էլ ԱԳՆ հայտարարություններում տող անգամ չկա այդ մասին, ընդհակառակը, «խաղաղության դարաշրջանի» առաքյալները շարունակում են ՀՀ տարածքի հաշվին նվերներ մատուցել թշնամի պետությանը, որևէ գործուն քայլ չեն ձեռնարկում Հայաստանի տարածքից հրոսակներին հեռացնելու ուղղությամբ, հիմա էլ հայելային հետքաշման մասին են խոսում։ Չի բացառվում, որ ՄԻՊ այս արդարացի վրդովմունքից հետո ԱԽ քարտուղարը կամ մեկ այլ պաշտոնյա նրան կրկին մեղադրեն քաղաքական հայտարարություններ անելու մեջ, սակայն այլևս բոլորի, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի համբերության բաժակն է լցվել։

Արթուր Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular