Ընդհատված կյանք, որը դեռ նոր պետք է սկսվեր. 21-ամյա Արմանի վերջին առավոտը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀարությունյան Արման Ալիկի - ծնվել է 1994թ. հունվարի 9-ին` Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում:
2012-2014թթ. ծառայել է հայոց բանակում:
Ծառայությունն ավարտելուց հետո անցել է պայմանագրային զինծառայության:
Զոհվել է 2015թ. հունվարի 17-ին:
2015թ.-ի հունվարի 17-ն էր…
Սովորական ձմեռային ցուրտ օրը Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում ճակատագրական դարձավ պայմանագրային զինծառայող, 21-ամյա Արման Հարությունյանի համար:
Հերթական անգամ հպարտությամբ ու հայրենիքի նկատմամբ ունեցած պարտքի խոր զգացումով, դիրքերում իր զինվորական ծառայությունն էր կատարում Արմանը, երբ դիպուկահարից արձակված մի գնդակը մահացու վնասվածք հասցնելով գլխին՝կտրեց նրա երիտասարդ կյանքի թելը, խլեց նրանից ամենանվիրական երազանքներն ու նպատակները....
Նախորդ օրը եղբայրը որդի էր ունեցել, շատ էր ուրախացել, անհամբեր սպասում էր,թե երբ է իջնելու դիրքերից, որպեսզի ամուր գրկի փոքրիկին, հորեղբոր իրավունքով կրծքին սեղմի այն փոքրիկին, ով իր անունն էր կրելու հետագայում ու պարտավորվելու էր շարունակել այն գենը, որը այդպես էլ չկարողացավ շարունակել 21-ամյա հերոսը....
դեպքից ժամեր առաջ հարազատների հետ էր խոսել, հասցրել հոր ծննդյան տարեդարձը շնորհավորել.... ևս մեկ անգամ հիշեցրել, որ միշտ սարի նման կանգնած է հոր, եղբայրների, քրոջ, մոր թիկունքին, որ շատ նպատակներ ունի, շուտով կհանձնի հերթափոխը ,կիջնի դիրքերից ու միասին մի լավ կնշեն իրենց օջախի ծուխը ծխացող, իրենց գենը շարունակող փոքրիկի ծնունդը.....
բայց այդպես էլ անկատար մնացին մորը կարոտած գրկելու, սեփական երջանկութնունն ու ընտանիքը ստեղծելու, հայրենի գյուղում իր մեծ սեփական տունը կառուցելու ու գյուղի սահմանները միշտ անառիկ պահելու նրա նվիրական երազանքները....
Արմանը հերոսացավ, բայց չհեռացավ մեզնից, նա միշտ մեզ հետ է, մեր սրտում…
Մարդ ապրում է այնքան, ինչքան հիշում են նրա անունը, իսկ այն հերոսները, ովքեր իրենց արյամբ սրբացրել են մեր հողը, մեր պատմության ու հիշողության մի մասն են կազմում...նրանք ԱՆՄԱՀ են, քանի որ ԱՆՄԱՀ է նրանց Սուրբ հիշատակը:
Նրանցից յուրաքանչյուրն իր հետ տարավ պատմության մի մասնիկ, նրանցից յուրաքանչյուրն անավարտ թողեց մի կյանք...
Հավերժ փառք բոլոր զոհվածներին....
Նյութի հեղինակ` Մարիամ Մելքոնյան