ՍԴ-ն որևէ կերպով հակասահմանադրական չի ճանաչել ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը. ՄԻՊ թեկնածու
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԿորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեստերի առնչությամբ Սահմանադրական դատարանի որոշումը չի նշանակում, թե ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել թեստեր ներկայացնելու պահանջը, որոշմամբ միայն արձանագրված է, որ առողջապահության նախարարն իրավունք չուներ իր որոշմամբ հստակեցնելու, թե ում հաշվին պետք է թեստն իրականացվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանն ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկմանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի կարծիքով՝ գործատուների կողմից բավականին մեծ ճնշում կա աշխատողների նկատմամբ: «Նաև ՊՇՌ թեստի պահանջ ներկայացնելու առումով, երբ անգամ ՍԴ-ի որոշումից հետո գործատուներն աշխատանքից հեռացնելու սպառնալիքով աշխատակիցներին ստիպում են նրանց հաշվին թեստեր հանձնել»,-ասաց պատգամավորը՝ հետաքրքրվելով, թե արդյոք ՄԻՊ թեկնածուն պատրա՞ստ է պաշտպանել ՀՀ քաղաքացուն գործատուների ճնշումներից:
Քրիստինե Գրիգորյանն էլ պատասխանեց, որ աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերը մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կարևորագույն և անքակտելի մաս են: Այս առումով ընտրվելու դեպքում նա խոստացավ հետևել անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանությանը, աշխատանքի վայրում խտրականության դրսևորումներին:
Անդրադառնալով ՊՇՌ թեստերի հետ կապված ՍԴ որոշման՝ պատգամավորի մեկնաբանությանը՝ նա չհամաձայնեց նրա հետ: «ՍԴ-ն որևէ կերպով հակասահմանադրական չի ճանաչել ՊՇՌ թեստերի պահը: Դա կանոնակարգում է, ՍԴ որոշումը վերաբերում էր կոնկրետ բառակապակցության: ՍԴ որոշմամբ արձանագրված է, որ առողջապահության նախարարն իրավունք չուներ իր որոշմամբ հստակեցնելու, թե ում հաշվին պետք է դա իրականացվի: Իսկ դա որևէ կերպ չի նշանակում, որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ՊՇՌ թեստեր ներկայացնելու պահանջը»,-ասաց Գրիգորյանը: