ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չեմ կարծում, որ Մկոն ուզել է ինձ ստախոսության մեջ մեղադրել». Հայկ Մարության

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Aravot.am-ը գրում է.

Դերասան Հայկ Մարությանի ֆեյսբուքյան ասուլիսից հետո դերասան Մկրտիչ Արզումանյանի և Հայկ Մարությանի (Կարգին Մկո-Հայկո) տարաձայնությունների շուրջ հանրության շրջանում եղած հարցականներն ավելի շատացան: Պատճառն այն է, որ այդ ասուլիսից հետո ինստագրամում գրառմամբ հանդես եկավ Մկրտիչ Արզումանյանը ու ըստ էության անուղղակիորեն ստախոսության մեջ մեղադրեց Հայկ Մարությանին: Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում Հայկ Մարությանը հայտարարել էր, որ «շուրջ մեկուկես տարի առաջ մեկն ինձ հետ եկել էր հանդիպման, որ գովազդ էր առաջարկում՝ Կարգին Մկոյի և Հայկոյի մասնակցությամբ, ես իմ հավանությունը տվեցի, բայց գովազդն այդպես էլ չիրականացավ»:

Այս առիթով Մկրտիչ Արզումանյանն ինստագրամում գրել է.  «Իսկ ո՞վ և ի՞նչ է առաջարկել, որ մերժել եմ: Նման առաջարկ չի եղել: Այդ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: Շատ բաներ իրականության հետ կապ չունեն»: Առանձին հանդես գալու մասին` հետևորդների հարցին ի պատասխան Մկրտիչ Արզումանյանը գրել է. «Առանձին աշխատելու ժամանակը եկավ: Շատ անսպասելի էր, բայց եկավ: Այդպես ստացվեց: Կյանք է, ամեն ինչ լինում է Բայց նման առաջարկ իրոք չի եղել: Ես կհիշեի հաստատ…Եկամուտն ինձ համար կապ չունի: Մարդս մարդ լինի: Մնացածը երկրորդական է»:

Aravot.am-ը կապ հաստատեց Հայկ Մարությանի հետ: Մեր այն դիտարկմանը, թե փաստորեն Մկրտիչ Արզումանյանն ակամայից իրեն մեղադրել է ստախոսության մեջ, դերասանն այսպես արձագանքեց. «Չեմ կարծում, որ ինքն ուզել է ինձ ստախոսության մեջ մեղադրել: Ես բոլոր իմ խոսքերի համար հարյուր տոկոսանոց պատասխանատու եմ և ճշմարտություն եմ ասել ու կարող եմ ապացույցներ բերել:  Ես ընդհանրապես այդպիսի սկզբունք ունեմ, եթե մի բան հայտարարում եմ, հարյուր տոկոսով հիմնվում եմ միայն փաստերի վրա:

Երբ ունենում եմ ապացույցներ, այդ ժամանակ էլ հայտարարություն եմ անում»: Հայկ Մարությանը պնդեց ու կրկին հաստատեց, որ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ արված հայտարարությունը, թե իրեն ու Մկրտիչ Արզումանյանին գովազդ են առաջարկել, հարյուր տոկոսանոց ճշմարտություն է, այնուհետև մանրամասնեց. «Եթե ինչ-որ մարդիկ չեն հիշում դա կամ կան մարդիկ, որ մտածում են, որ նման բան չի եղել, կարող են անձամբ կապնվել ինձ հետ, իրենց մեծ հաճույքով կմանրամասնեմ թե որ ընկերությունն է առաջարկել գովազդը, ով է բանակցել և անգամ մեր ընդհանուր ընկերոջ անունը, ով տեղյակ է այդ բանակցություններից»:

Հայկ Մարությանին խնդրեցինք անուններ հնչեցնել, նա ասաց, որ չի կարող ասել ընկերության անունը, քանի որ գովազդ կստացվի: Դերասանը չցանկացավ կրկին անդրադառնալ այն հարցին, թե ինչից սկսվեց Հայկո-Մկո հարաբերությունների խզումը` պատճառաբանելով, թե բազմիցս սպառիչ պատասխան տվել է այդ մասին: Մեր այն հիշեցմանը, թե առանձնապես Մկրտիչ Արզումանյանի սրտով չէ, որ իրենց տարաձայնությունների մասին Հայկ Մարությանը բարձրաձայնում է, մասնավորապես նա գրել էր.

«Եթե ընկերոջդ կամ եղբորդ հետ ներքին թեմաներ առաջանային, համացանցում կխոսեի՞ր այդ մասին: Կարծում եմ, որ չէ: Ինչքան էլ ասելու բաներ շատ ունենայիր: Ամեն ինչ իր քննարկման տիրույթն ունի: Ես էդպես եմ մտածում: Մյուսների մոտ խղճահարություն առաջացնելն իմը չէ», այս առիթով Հայկ Մարությանն ասաց. «Իրականում իմ սրտով էլ չէ, բայց այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ եթե դու հանրային մարդ ես, հանրությունն ինչ-որ տեղ իրավունք ունի իմանալու` ինչ է եղել` առնվազն իմ երկրպագուները:  Չգիտեմ` Մկոն ինչ է գրել, բայց չեմ կարծում, որ ուզում է մեկին վատ բան արած լինել կամ գրած լինել: Ես կարող եմ իմ մասին ասել, որ ես ինչ ասում եմ, հիմնվում եմ միայն փաստերի վրա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular