ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համացանցը նախագահ է ընտրում․ ռուսական ԶԼՄ-ները մատնանշում են Մարուքյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո համացանցի հայկական սեգմենտում անմիջապես քննարկումներ սկսվեցին, թե ում կառաջադրեն ՀՀ նախագահի պաշտոնի համար, օգտատերերը բազմաթիվ անձանց անուններ դրեցին շրջանառության մեջ։ Նախ հասկանանք, թե ինչպե՞ս է լինելու ՀՀ 5-րդ նախագահի ընտրությունը։ Արմեն Սարգսյանի լիազորությունները դադարելու են Ազգային ժողովում նրա հայտարարությունն ընթերցելու պահից։ Ապա ոչ շուտ քան 25 օր, և ոչ ուշ, քան 35 օր անց կայանալու է նախագահի ընտրությունը։ Նախագահի թեկնածու կարող են առաջադրել առնվազն 27 պատգամավորներ։

Առաջին փուլում ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա 81 քվե։ Հաշվի առնելով ՀՀ ԱԺ-ում ուժերի հարաբերակցությունը՝կարելի է վստահաբար նշել, որ առաջին փուլում ոչ մի թեկնածու չի ընտրվի։ Երկրորդ փուլում նախագահ ընտրվելու համար հարկավոր է 65 քվե, իսկ չընտրվելու դեպքում երրորդ փուլ է կայանալու, որտեղ արդեն նախագահ կընտրվի 54 քվե ստացած թեկնածուն։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Ազգային ժողովում ունի 71 պատգամավոր, և, ըստ ամենայնի, երկրորդ փուլով էլ կընտրվի նախագահը։ Մինչ այդ ՀՀ նախագահի պարտականությունները կատարելու է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյան, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյան, «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Ռուբեն Վարդանյան, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյան և այլք․ երեկվանից այս անուններն են շրջանառվում որպես նախագահի հնարավոր թեկնածուներ, թեպետ «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է սեփական թեկնածու ունենալ, օրինակ՝ առաջադրել Հովիկ Աղազարյանի թեկնածությունը։ ՀՀ Նախագահի ինստիտուտը անլրջացնող ուժից ոչինչ չի բացառվում։ «Քաղաքացիական պայմանագիրն» առայժմ չի հայտնել, թե ում է առաջադրելու նախագահի պաշտոնի համար, թեպետ հստակ է, որ Փաշինյանը ստիպված է լինելու անսալ նաև միջազգային խաղացողների, հատկապես ՌԴ կարծիքին և նախագահի՝ թեկուզ արարողակարգային, բայց կարևորագույն պաշտոնում առաջադրել արտերկրում էլ մեծ հեղինակություն ունեցող թեկնածուի։ Ռուսական «ՌԻԱ» պետական գործակալությունը շեշտադրում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի անձը։ Այդ հանգամանքը, իհարկե, լրջորեն նվազեցնում է մյուս թեկնածուների հնարավորությունները։

Մհեր Համբարձումյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular