Հայ փորձագետը բացատրել է, թե ինչու է Սարգսյանի հրաժարականը ձեռնտու Փաշինյանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆriafan.ru-ն գրում է, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի իր պաշտոնից հեռանալու պատճառը շատ հստակ է ձևակերպված, որն է արտաքին և ներքին քաղաքականության վրա ազդեցության իրական գործիքների բացակայությունը, այդ թվում «պատերազմի կամ խաղաղության» հարցերի վրա ազդելու կարողությունը։
Քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը riafan.ru-ի հետ հարցազրույցում պատմել է, թե ինչով է պայմանավորված Սարգսյանի նման հանկարծակի որոշումը: Հայ փորձագետը նաև բացատրել է, թե ինչո՞ւ է Սարգսյանի հրաժարականը ձեռնտու Փաշինյանին:
«Իրականում հրաժարականը լիովին տեղավորվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանցքային նպատակներից մեկի շրջանակներում, որն է կառավարման կիսանախագահական ձևին վերադառնալը։ Այդ նպատակի իրականացումը թույլ կտա նրան ամրապնդել իր դիրքերը, իր ձեռքում կենտրոնացնել իշխանական գործնականում բոլոր լծակները։ Դա հատկապես կարևոր է Փաշինյանի համար կապված լեգիտիմության ճգնաժամի և արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո վարկանիշի կտրուկ անկման հետ»,- ասել է նա։
Ըստ Դավթյանի` Սարգսյանը մշտապես անուղղակի և քողարկված կերպով աջակցել է գործող իշխանության քաղաքականությանը, ուստի նա, հրաժարական տալով, պարզապես ցույց է տվել խորհրդարանական կառավարման ձևի անհարիր լինելը Հայաստանի համար։
«Սարգսյանը վերջին 3-4 տարիներին խոսել է իր լիազորությունների սահմանափակման մասին, ինչը հաճախ ընկալվել է որպես երկրում տիրող քաղաքական ճգնաժամի պատասխանատվությունից ազատվելու փորձ, մինչդեռ հենց նա, ըստ Սահմանադրության, պետք է դառնար ներքաղաքական պայքարի գլխավոր մրցավարը՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանում քաղաքական մշակույթի զարգացմանը և պառլամենտարիզմի ձևավորմանը»,- կարծիք է հայտնել փորձագետը։
Վահե Դավթյանը նաև նշել է, որ այս պահին դժվար է չընկնել դավադրության տեսությունների մեջ` հատկապես հաշվի առնելով Սարգսյանի սերտ կապերը բրիտանական քաղաքական և ֆինանսական էլիտայի հետ, որն իր հերթին մեծ ազդեցություն ունի Բաքվում։
«Մի բան է ակնհայտ. իր նախագահության ընթացքում, հատկապես Հայաստանի նորագույն պատմության ամենաշրջադարձային Արցախյան պատերազմի ժամանակ, Սարգսյանը դրսևորել է խուսափողական վարքագիծ և ժամանակ առ ժամանակ հայտարարել է, որ իմացել է Հայաստանի հիմնական իրադարձությունների մասին ինչպես բոլոր քաղաքացիները՝ լրատվամիջոցներից: Հիմա ամենայն հավանականությամբ, նրա փոխարեն այլ տեխնիկական գործիչ կառաջարկվի։ Հնարավոր է, որ Փաշինյանն ինքը վերցնի այդ պաշտոնը հայտարարված սահմանադրական բարեփոխումները ավելի մանրակրկիտ նախապատրաստելու համար»։
Նյութը հրապարակման պատրաաստեց Կամո Խաչիկյանը