ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ իշխող կլանը թքած ունի ամեն ինչ կորցրած արցախցիների ապագայի վրա. Ավետիք Իշխանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ իշխանության՝ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի ապիկար կառավարման և պատերազմում կրած պարտության հետևանքով  հազարավոր արցախցիներ դժբախտացան՝ կորցրեցին իրենց հարազատներին, հայրենիքը և ունեցվածքը՝ դառնալով բռնի տեղահանված։ Բայց այս ամենը ՀՀ իշխող կլանին բացարձակապես չի հետաքրրքում, որովհետև նրանք հայրենիք չեն կորցրել, որովհետև նրանց համար այս մարդիկ հայրենակիցներ չեն, և նրանք թքած ունեն ամեն ինչ կորցրած արցախցիների ապագայի վրա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հայտարարությանը, որ ՀՀ կառավարությունն արցախցիներին ևս երկու ամիս 20 և 40 հազարական դրամ աջակցություն կտրամադրի։

«Սա մեր իրականությունն է՝ ուղղակի մղձավանջ, որն ի ցույց է դնում նաև իրենց դժբախտ հայրենակիցների նկատմամբ մեր հասարակության անտարբերությունը։ Ի դեպ, սա նորություն չէ. դեռևս Ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցները, հազիվ հասնելով Արևելյան Հայաստան, նույն վերաբերմունքին էին արժանանում։

Ինչ վերաբերում է մերօրյա իրադարձություններին, ապա երբևէ այսպիսի անտարբեր վիճակ չի եղել։ Երկրի, հայրենիքի և հայրենակիցների նկատմամբ՝ բացարձակապես ոչ մի ցավ»,- ասաց Ավետիք Իշխանյանը։

Իրավապաշտպանը տարակուսանք հայտնեց՝ ինչ է սպասվում, օրինակ, այն արցախցիներին, որոնք պատերազմից հետո՝ մինչ այս պահը, բնակվում էին Նոր Նորք վարչական շրջանում իրենց հատկացված կացարաններում։

«Կառավարության որոշում կա՝ այդ տարածքը հանելու աճուրդի։ Փաստորեն, այդտեղ բնակվող փախստականների հետագա կարգավիճակը դառնում է անորոշ. արդյոք նրանց կացարաններ կտա՞ն, թե՞ այդ մարդիկ ստիպված կլինեն արտագաղթել։ Մեծ հաշվով՝ ՀՀ գործող իշխանությանը մարդկանց սոցիալական խնդիրները բացարձակապես չեն հետաքրքրում»,- նշեց Ավետիք Իշխանյանը՝ իր ասածը պրոյեկտելով ոչ միայն տեղահանված արցախցիների, այլ նաև սոցիալական ծանր վիճակում գտնվող մյուս քաղաքացիների վրա։

Իրավապաշտպանի խոսքով, մինչ անհայտ են մնում փակված գիշերօթիկ դպրոցների, տարեցների խնամքի միացված կենտրոնների շահառուների ճակատագրերը, մինչ աղետի գոտում մարդիկ շարունակում են ապրել ցուրտ ու խոնավ տնակերում, իշխանության ներկայացուցիչները վայելում են կյանքը՝ նրանց սպասարկում են ծառայողական թանկարժեք մեքենաներ, լավագույն ռեստորաններում նշվում են նրանց հարսանքիները, և, ի վերջո, նրանք շարունակում են հսկայական պարգևավճարներ ստանալ։

«Սոցիալական այս ծանր պայմաններում  մտածում են ոչ թե ժողովրդի վիճակի, այլ իրենց կարիքների մասին՝ պետական բյուջեն ծախսելով որպես իրենց ընտանեկան բյուջե»,- նշեց Ավետիք Իշխանյանը՝ հռետորական հարց հնչեցնելով՝ արդյոք պատմության հասարակ ուսուցիչ եղած ժամանակ պաշտպանության նախարարը կկարողանա՞ր այնքան շքեղ հարսանիք կազմակերպել, որքան կարողացավ ընդամենն օրեր առաջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular