ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ն է նախապատրաստում Բաքուն Կոստանդնուպոլիսի պատրիարքարանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

regnum.ru-ն գրում է, որ ռուս ուղղափառությունը նորից սկսել է ֆիզիկապես ներկա լինել ղարաբաղյան հողում։ Այս տարվա հունվարին Քրիստոսի Սուրբ Ծննդյանը ուղղափառ եկեղեցու մոտ ռուսական խաղաղապահ զորախումբը մասնակցել է Աստվածահայտնության լողին։ Այդ եկեղեցին վերջերս՝ 2021 թվականի նոյեմբերին է հանդիսավոր կերպով բացվել Ստեփանակերտի մերձակայքում գտնվող ռուսական ռազմական ճամբարի տարածքում և հանրապետության առաջին ուղղափառ եկեղեցին է։

«Ցավոք, Ղարաբաղում ռուսական եկեղեցիներ չկան։ Խորհրդային տարիներին բոլորը ավերվել են բոլշևիկների կողմից, և այդ պատճառով այս ռուսական ուղղափառ եկեղեցին սուրբ, պատմական նշանակություն է ձեռք բերում»,- ասել է Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի նախագահ Ալեքսանդր Բորդովը բացման արարողության ժամանակ։

Թերևս «ռուսական եկեղեցին» Լեռնային Ղարաբաղում կարող էր բացվել շատ ավելի վաղ։ 2010 թվականին Ստեփանակերտում տեղի էր ունեցել Սուրբ աստվածամոր ուղղափառ եկեղեցու օծումը։ Հատկանշական է, որ ապագա տաճարի օծման արարողությունը կատարել էր Մոսկվայի պատրիարքարանը։ Բայց հետո շինարարությունը սառեցվել էր, և ոչ այն պատճառով, որ Ստեփանակերտի դիրքորոշումն էր փոխվել։ Ընդդիմացել էր Բաքվի և Ադրբեջանի թեմը։ Իսկ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո, երբ ռուս խաղաղապահները մտել են Լեռնային Ղարաբաղ, ոչինչ չի խանգարել նրանց եկեղեցի կառուցել։ Բաքուն այդ իրավիճակում գուցե թե որոշել է հակասության մեջ չմտնել ՌԴ ՊՆ-ի հետ։ Բացի այդ, ինչպես գրել է ադրբեջանական Calider. az-ը «ռուսական եկեղեցին» այն տարածքում է, որը «ժամանակավորապես է գտնվում խաղաղապահների վերահսկողության տակ»։ «Ժամանակավոր» բառը հուշում է, որ խաղաղապահների հեռանալուց հետո տաճարը կամ կդատարկվի, կամ էլ նրա հետ ընդհանրապես «ինչ որ բան» կպատահի։ Սակայն, ըստ տեղական աղբյուրների, հիմա «ռուսական եկեղեցին» պահանջված է անգամ հենց ղարաբաղցիների շրջանում, ովքեր նույնիսկ իրենց երեխաներին այնտեղ մկրտում են։ Եթե ​​Լեռնային Ղարաբաղը ձեռք բերի այնպիսի կարգավիճակ, որը ենթադրում է զգալի ինքնավարություն կամ անկախություն, ապա ռուս ուղղափառությանը կարող է լրջորեն և երկար ժամանակ հաստատել այդ տարածաշրջանում այնպես ինչպես արդեն եղել էր 19-րդ դարում այն ​​բանից հետո, երբ 1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքում ռուսները մտել են Ղարաբաղ։ Շուշիի Գումլուխ թաղամասում 1830-ականներին ռուս զինվորականների միջոցներով կառուցվել էր Սուրբ Գեորգի ուղղափառ եկեղեցին։ Իսկ 1868 թվականին կայսր Ալեքսանդր 2-րդը ներկա էր գտնվել Տիրոջ Պայծառակերպության եկեղեցու օծմանը։ Սակայն խորհրդային տարիներին այդ բոլոր ուղղափառ եկեղեցիները ավերվել են։ Հիմա դրանք դարձել են շահարկման առարկա, քանի որ Բաքուն արշավ է սկսել Ստեփանակերտին` մեղադրելով «ռուսական եկեղեցիները յուրացնելու» կամ դրանք «ավերելու» մեջ։ Դա արվում է Ռուսաստանի աչքում ղարաբաղահայությանը վարկաբեկելու, ինչպես նաև Ղարաբաղում ռուս ուղղափառության վերածննդի դեպքում տեղական եկեղեցական կառույցները Բաքվի և Ադրբեջանի թեմի վերահսկողության տակ դնելու համար, որոնք սերտ կապեր ունեն Ադրբեջանի իշխանությունների հետ: 

Մոսկվայի պատրիարքարանը Ղարաբաղի հարցում դադար է վերցրել, և դա, ըստ ամենայնի, հետ է պահում Բաքվին այլընտրանքային սցենարներ իրականացնելուց։ Ադրբեջանը կարող է գնալ Ալբանական (Ուդի) ուղղափառ եկեղեցու հռչակմանը, որին կհետևի Կոստանդնուպոլիսի պատրիարքարանի կողմից դրա ճանաչմանը և ինքնավարության թոմոսի շնորհմանը։ Կրակի վրա յուղ է լցրել 2021 թվականի ապրիլին Կովկասի մահմեդականների հոգևոր վարչության ղեկավար Փաշազադեի խորհրդավոր այցը Ստամբուլ։ Այնտեղ նա հանդիպել է Կոստանդնուպոլիսի պատրիարք Բարդուղիմեոսին և նրան հրավիրել այցելել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մզկիթներն ու եկեղեցիները տեսնելու։ Դա աշխարհաքաղաքական սուր ինտրիգ է ստեղծել, որում երևում է Թուրքիայի ստվերը։ Տեղի ունեցած բանակցությունների մանրամասներն անհայտ են, բայց Բաքվից Ստամբուլ նման հյուրի այցը պատահական չի կարելի համարել։

Ռուս ուղղափառ եկեղեցին երկար տարիներ հանդես է եկել որպես խաղաղարար և միջնորդ Լեռնային Ղարաբաղում։ Հիշեցնենք, որ ձեռք բերված կոնսենսուսի համաձայն՝ Վրաստանը Վրաց ուղղափառ եկեղեցու տարածքն է, Ադրբեջանը Ռուս ուղղափառ եկեղեցու, իսկ Հայաստանը Հայ Առաքելական եկեղեցու։ Այդ կապակցությամբ հարց է առաջանում. ինչո՞ւ է մահմեդականների ադրբեջանցի հոգևոր ղեկավարությունը կապեր հաստատում ուղղափառ եկեղեցական միասնությունը տապալող  Կոստանդնուպոլիսի պատրիարքարանի հետ։ Ի դեպ, Ռուս ուղղափառ եկեղեցին չի միջամտում Ադրբեջանի «ալբանա-ուդի» քրիստոնեական համայնքի գործերին, որը հավակնում է Ղարաբաղի սրբություններին։ Բայց Կոստանդնուպոլիսը կարող է գնալ նման քայլի։ Եթե ​​դա տեղի ունենա, ապա լուրջ մեծ հակամարտություն կլինի։ Այդ առնչությամբ պաշտոնական Անկարայի դիրքորոշումը, որը հիմնականում դժգոհ է Բարդուղիմեոսից, լիովին պարզ չէ։ Որոշ թուրք փորձագետներ Էրդողանին առաջարկում են «Թուրքիայի և Ռուսաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված Կոստանդնուպոլիսի պատրիարքությանը» հանդուրժելու փոխարեն աջակցել Մոսկվայի պատրիարքարանին: Պարադոքսն այն է, որ, չնայած Ռուսաստանի և Թուրքիայի բոլոր տարբեր ու հակասական շահերին, այդ հարցում նրանց շահերը կարող են համընկնել տարբեր պատճառներով։ Ինչպես regnum.ru-ին ասել է թուրք զրուցակիցներից մեկը, «Կոստանդնուպոլիսի պատրիարքությանը ոչ միայն խախտում է Լոզանի կոնֆերանսի որոշումները, ոտնահարում միջազգային իրավունքը, այլ նաև միջամտում է այլ երկրների ներքին գործերին, Ուկրաինայում կրոնական պատերազմ է սերմանում  և դրանով իսկ խաթարում է Անկարայի հարաբերությունները այլ պետությունների հետ, և հետևաբար այն չի կարող լինել թուրքական տարածքում»։ Այսպիսով, մեկ այլ սուր բազմակողմ ինտրիգ է պտտվում Լեռնային Ղարաբաղի շուրջ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular