ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ նիստերի օրակարգ չընդգրկվեց նվազագույն աշխատավարձը հարյուր հազար դրամ դարձնելու «Հայաստան» դաշինքի նախագիծը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնել՝ 68 հազար դրամից դարձնելով 100 հազար դրամ։ Նա նշեց, որ վերջին անգամ նվազագույն աշխատավարձը բարձրացել է  2019 թվականին՝ 55 հազար դրամից դառնալով 68 հազար դրամ։

Ըստ նախագծի հիմնավորման՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման՝ սպառողական նվազագույն արժեքը այսօր 73 հազար 400 դրամ է, մեկ տարում աճել է 1,7 տոկոսով, թանկացել է ջուրը, գազը, լույսը, սպառողական գներն աճել են 7,2 տոկոսով, սննդամթերքը՝ 11,7 տոկոսով, թեև կառավարությունը բացասական եզրակացություն է տվել այս նախագծին, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը ևս բացասական եզրակացություն է տվել՝ առաջարկելով հետաձգել։

Այսպիսով՝ նախագիծը քվեարկությամբ ստացավ 31 կողմ ձայն և դեմ՝ 61 ձայն, արդյունքում նախագիծը նիստի օրակարգ չընդգրկվեց։

«Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն իր դժգոհությունը հայտնեց քաղաքական մեծամասնության դիրքորոշման վերաբերյալ և նշեց, որ իրենք գործում են իրենց իսկ հայտարարությունների դեմ։ «Սա արդեն երրորդ–չորրորդ նախագիծն է, որ դուք կոշտ մերժում եք քննարկման առարկա դարձնել լիագումար նիստում։  Հետո էլ ասում եք, որ ընդդիմությունը չի ուզում աշխատել խորհրդարանում»,–ասաց նա։

«Իմ քայլը» խմբակցությունից Բաբկեն Թունյանը նշեց, որ իրենք իրենց խոստումը կատարելու են։ «Եթե ամեն ինչ լիներ օրենքով, կարող էինք օրենքով ֆիքսել, որ կյանքը ուրախ լինի, ապրուստը՝ ձրի, Հայաստանն էլ ՝ ծովից ծով, բայց օրենքը միջոց է նպատակների հասնելու համար։  Մենք խոստացել ենք 85 հազար դարձնել, մենք դա կանենք՝ տնտեսական հնարավորություններին զուգահեռ և համահունչ, առանց թմբկահարելու»,–ասաց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular