ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս միջանցքը լիովին հակասում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից մշակված երկաթուղու նախագծին». Վահե Դավթյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աբխազական միջանցքի վերաբացման խնդրի շուրջ

Աբխազական խորհրդարանի հայտարարությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային կապի հաստատման անհրաժեշտության մասին օրինաչափ է, տրամաբանական ու ամբողջությամբ տեղավորվում է տարածաշրջանում ընթացող խորքային փոխակերպումների մեջ, հատկապես՝ տրանսպորտային հաղորդակցությունների ոլորտում:

Ունենալով փակուղային երկաթուղի՝ Աբխազիան ավանդաբար ձգտում է ինտեգրվել տարածաշրջանի տրանսպորտային համակարգերին՝ բարձրացնելով սեփական կշիռն ու տնտեսական ակտիվությունը: Թերևս, հայտարարության շուրջ առկա ինտրիգը պայմանավորված է այն հանգամանքով, որ Աբխազական երկաթուղին 2009 թ.-ին կոնցեսիոն կառավարման հիմունքներով տնօրինվում է Ռուսական երկաթուղիների կողմից, ուստի, կարելի է եզրակացնել, որ առանց Մոսկվայի համաձայնության աբխազական կողմը դժվար թե նման հռետորաբանություն բանեցներ: Միգուցե: Սակայն այստեղ մենք գործ ունենք ընդամենը հիփոթեզի հետ, որը դեռ պետք է ապացուցել:

Իսկ իրողությունն այն է, որ 2011 թ.-ից ի վեր Մոսկվան ու Թբիլիսին շվեյցարական SGS ընկերության միջնորդությամբ բանակցություններ են վարում Վրաստանի ու Հարավային Օսիայի, ինչպես նաև Վրաստանի ու Աբխազիայի միջև մաքսային վարչարարության ու բեռնափոխադրումների մշտադիտարկման մեխանիզմների մշակման շուրջ: Ելնելով միջնորդի կողմից ներկայացվող հաշվետվություններից՝ կարող ենք եզրակացնել, որ կողմերն առանձնապես առաջընթաց չեն ապահովել: Միակ դիվիդենտն այս պահի դրությամբ ստացել է Մոսկվան՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու վրացական վետոի վերացման տեսքով: Մնացածը գտնվում է աշխարհաքաղաքական տիրույթում՝ հաճախ գնահատվելով Վրաստանի տարածքային ամբողջականության համատեքստում, ինչով և պայմանավորված է երկաթուղու վերագործարկման վերաբերյալ Թբիլիսիի սկեպտիկ կեցվածքը: Բավական է նշել, որ 1992-1993 թթ. կոնֆլիկտից ի վեր Աբխազիան Վրաստանի հետ սահմանը դիտարկում է որպես պետական, իսկ Վրաստանը՝ որպես ադմինիստրատիվ:

Խոսելով աբխազական միջանցքի վերագործարկման մասին՝ պետք չէ մոռանալ նաև վրացական քաղաքական ու տնտեսական օրակարգերում Անկարայի ահռելի ազդեցության մասին: Ի տարբերություն ներկայումս մշակվող Կարս-Իգդիր-Նախիջևան-Մեղրի-Զանգելան-Հորադիզ-Բաքու-Դերբենդ երկաթուղու՝ վրաց-աբխազական երկաթուղին կարող է էապես նպաստել Հայաստանի ապաշրջափակմանը՝ կայուն ցամաքային կապ ապահովելով Ռուսաստանի հետ ու այլընտրանք ձևավորելով Վերին Լարսին: Այս միջանցքը լիովին հակասում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից մշակված երկաթուղու նախագծին, որի նպատակն է փակել Բաքու-Թբիլիսի-Կարս-Իգդիր-Նախիջևան-Բաքու երկաթուղային օղակը Հայաստանի շուրջ՝ կիրառելով ՛՛անակոնդայի՛՛ մեթոդն ու հանգեցնելով Հայաստանի տնտեսության վերջնական պարալիզացմանը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular