ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հիբրիդային բրենդը»․ միջազգային կառույցները ծաղրում են Փաշինյանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Հայաստանի միջազգային իմիջն ու բրենդը ժողովրդավարությունն է»,- օրերս խորհրդարանում հայտարարել էր Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։

«Այո՛, այսօր Հայաստանի միջազգային իմիջը, բրենդը ժողովրդավարությունն է: Սա մեզ համար և՛ մարտահրավերներ է առաջ բերում, և՛ հնարավորություններ»,- ասել էր նա։

Փաշինյանի այս հայտարարությունը ծաղրի առարկա էր դարձել թե՛ ընդդիմադիրների, թե՛ անգամ իշխանության լոյալ շրջանակների կողմից։ Վարչապետի այս անհեթեթ կարծիքը, կարծես, չեն կիսում նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։ The Economist մեդիաընկերության վերլուծական կենտրոնը հրապարակել է 2021 թվականի ժողովրդավարության ցուցիչը (Democracy Index 2021), որով մոլորակի պետությունները դասվում են չորս խմբերի՝ լիակատար ժողովրդավարություն, թերի ժողովրդավարություն, հիբրիդային իշխանակարգ և ավտորիտար ռեժիմ:

Ժողովրդավարությունը բրենդ համարող վարչախումբը, որ չորս տարի առաջ իշխանափոխություն արեց, այսօր ընդամենը համարվում է հիբրիդային իշխանակարգով երկիր: Ընտրական գործընթացների և բազմակարծության գնահատականը՝ 7․50, կառավարության գործունեության արդյունավետությունը՝ 5.71, քաղաքական ներգրավվածությունը՝ 6.11, քաղաքական մշակույթը՝ 3.13 և քաղաքացիական ազատությունները՝ 5: Այսպիսով Հայաստանին տրվել է ընդհանուր գնահատական՝ 5.49, որով երկիրը 2021 թվականի ժողովրդավարության ցուցիչով զբաղեցրել է 89-րդ տեղը:

Փաշինյանական քարոզչամեքենան, իհարկե, անմիջապես սկսեց տարածել The Economist-ի ցուցիչը՝ իրեն ձեռնտու շեշտադրումներով։ Մասնավորապես, նշելով, թե Հայաստանը տարածաշրջանում ունի լավագույն դիրքը: Փաշինյանն ու իր սպասարկուները, իհարկե, կարող են գլուխ գովել, թե առաջ են Ադրբեջանից, Թուրքիայից և Ռուսաստանից, սակայն հարցերի էությունը դրանից չի փոխվում։ Միջազգային կառույցները բոլորովին չեն կիսում Փաշինյանի կարծիքը, մեղմ ասած, թքած ունեն նրա առաջարկած բրենդի վրա։ Իսկ Փաշինյանի միակ բրենդը, որ շարունակում է անխափան աշխատել, սուտն ու կեղծիքն են։

Սամվել Հովսեփյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular