ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական իշխանությունը շարունակում է մանիպուլացիաներ անել արցախյան հարցում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախյան 44-օրյա պատերազմում երկիրը պարտության տանելուց, գրեթե չորս հազար զինվորների և կամավորականների մահվան դուռն ուղարկելուց հետո փաշինյանական վարչախումբը շարունակում է լկտիաբար ստել, մանիպուլացնել հասարակությանը՝ մեղքը փորձելով բարդել նախկինների վրա։

Ստի և կեղծիքի հիմքերը դրեց վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, թե 2016-ին բանակցային գործընթացում աղետ է տեղի ունեցել, Ղարաբաղը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս գտնվելու գործնական ու տեսական բոլոր հնարավորությունները։ Բնական է, որ քարոզչական այս կեղծ թեզը պետք է տարածում գտներ իշխանական շրջանակներում, և ավելի լայն տիրաժավորվեր արդեն Փաշինյանի ենթակաների կողմից։

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է հայտարարել, թե ողբերգություն է Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը։ Գրիգորյանը, նաև, թակարդն ընկած աղվեսի պես, շարունակում է իշխանական մեկ այլ քարոզչական թեզի տարածումը, թե պետք է հրապարակել բանակցային ամբողջ փաթեթը։ Իհարկե, բանակցային այդ ամբողջ փաթեթը կարող է լինել նախկինների, մասնավորապես Սերժ Սարգսյանի մոտ, սակայն վստահաբար կարելի է պնդել, որ ամբողջ փաթեթը գտնվում է նաև գործող իշխանության ձեռքին, և չկա որևէ խոչընդոտ, որ փաշինյանական իշխանությունը հրապարակի այդ փաթեթը։

Իհարկե, որևէ փաթեթ չի հրապարակվելու, այդ դեպքում գործող վարչախումբը կկորցնի մանիպուլացիաներ անելու հնարավորությունը։ Փոխարենը, արմենգրիգորյաններն ու նիկոլփաշինյանները կշարունակեն աղավաղել բանակցային գործընթացը, խաբել հանրությանը, նախկիններին ներկայացնել որպես հրեշ։ Գրիգորյանը Սերժ Սարգսյանին է մեղադրում փաթեթն իր հետ տանելու մեջ, ինչը մեկ անգամ ևս վկայում է, որ գործող իշխանությունները մտադիր չեն լույս սփռել բանակցային գործընթացի խութերի վրա։

Ընդսմին, գործող իշխանությունները լավ են սերտել իրողությունները խճճելու արվեստը, դա նաև հնարավորություն է տալիս մեղադրանքի սլաքներն ուղղել նախկինների՝ Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ուղղությամբ։ Հանրության մի հատվածն էլ, որ տարիներ շարունակ մնացել է փաշինյանական կեղծ թեզերի տակ, նույն հաջողությամբ կլլում է նոր անհեթեթությունները։ Վառ օրինակը Հովիկ Աղազարյանի վերջերս արած հայտարարությունն էր, թե պարտության հիմքերը դրվել են 1994 թվականին՝ զինադադարի համաձայնագրով։ Եվ իշխանության աջակիցներից որևէ մեկն իրեն նեղություն չի տալիս՝ ուղեղն աշխատացնելու, Աղազարյանին ու նրա ղեկավարներին հարցնելու, թե ինչպես կարող էր հաղթական համաձայնագիրը պարտության հիմք դնել։


Կարեն Բաղդասարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular