ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի հակառեյտինգը բարձրանում է, Հայաստանի ընդդիմությանը վերախմբավորում է պետք. կարծիք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

eadaily.com–ը գրում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը սրընթաց անկում է ապրում. դա տեղի է ունենում ընդհանուր առմամբ նրա քաղաքական թիմի վարկանիշի անկման ֆոնին։ Նման գնահատականով է կիսվել հայ քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը։

Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը միշտ ավելի բարձր է եղել, քան ընտրողի վստահությունը նրա թիմի նկատմամբ, ներկայում կառավարության ղեկավարի գլխավորած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  առանց այն էլ ոչ այնքան բարձր վարկանիշը անկում է գրանցում, սակայն անձամբ Փաշինյանի վարկանիշն ավելի արագ է նվազում, ասում է փորձագետը։

«Այսօր կարող ենք արձանագրել, որ չնայած տարբեր գնահատականներով մարդկանց մոտ 20-25 տոկոսը պատրաստ է քվեարկել Փաշինյանի օգտին, վարչապետի հակառեյտինգայինն արդեն իսկ բավականին տպավորիչ է»,- ասել է Հակոբյանը։

Քաղաքական վերլուծաբանը նաև նշել է, որ նշված 20-25 տոկոսում կա որոշակի տոկոս, որը կողմ է վարչապետին, քանի որ չի տեսնում ընդունելի այլընտրանք։ Սակայն Փաշինյանի վարկանիշի անկումը ամենևին չի ենթադրում նրանից հիասթափված ընտրազանգվածի պարտադիր անցում ներկայիս «տիտղոսային ընդդիմության» կողմը։

«Իմ կարծիքով, այդ ձայների մեծամասնությունը «անտեր» է։ Հնարավոր է, որ եթե ընտրությունները լինեին հաջորդ շաբաթվա վերջին, ապա այդ կատեգորիան չի մասնակցի դրանց»,- կարծիք է հայտնել Հակոբյանը։

Ըստ նրա՝ ներկայիս իշխանափոխության ձգտող խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության շահերից ելնելով՝ ձեռնտու է ընդդիմադիր նոր բևեռի ձևավորումը, որը պետք է ներկայացնի ազատական ​​քաղաքական ուղղությունը, քանի որ Փաշինյանից հիասթափված ընտրազանգվածը հիմնականում այդ ուղղության կողմնակիցն է։

Խորհրդարանից դուրս եկած ուժերը, ինչպիսիք են Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը», կամ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը», ինչպես ցույց են տվել վերջին ընտրությունները, չեն կարողանա գլուխ հանել այդ դերից։

Իշխանությունների վարկանիշի անկմանը զուգընթաց հարցումները ցույց են տալիս նաև ընդդիմության նկատմամբ քաղաքացիների վստահության նվազում։

«Բայց դա վերականգնվող անկում է, քանի որ կապված է բողոքի փողոցային պայքարի ակտիվության անկման հետ»,- ասել է քաղաքական վերլուծաբանը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի աշնանային պատերազմից հետո Հայաստանում սուր քաղաքական ճգնաժամ էր առաջացել։ Տեղական 16 կուսակցություններ միավորվել էին «Հայրենիքի փրկության շարժում»-ում, որը 2020 թվականի նոյեմբերից մինչև անցյալ տարվա ապրիլը բավականին ակտիվ փողոցային պայքար էր իրականացրել գործող իշխանությունների դեմ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվերապահ հրաժարականը։ Հունիսի 20-ին հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո, որտեղ հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ձայների գրեթե 54%-ը), քաղաքական ճգնաժամի ինտենսիվությունը զգալիորեն թուլացել էր։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular