ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը ադրբեջանցի պատգամավորների այցն օգտագործելու է քարոզչական նպատակներով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանցի պատգամավորները պատրաստակամություն են հայտնել այցելել Երևան՝ մասնակցելու Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերին: Եվրանեսթը Եվրախորհրդարանի և Արևելյան գործընկերության վեց երկրների՝ Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համագործակցության խորհրդարանական հարթակն է։ Վեհաժողովի նիստերը ռոտացիոն սկզբունքով են անցկացվում։ Այս անգամ հերթը Հայաստանինն է։ Նիստը Երևանում կանցկացվի փետրվարի 21-22-ին։ Այս պահին դեռևս հստակ չէ՝ կկայանա՞ արդյոք Ազեր Քարիմլիի, Թայիր Միրկիշիլիի և Սոլթան Մամադովի այցը Երևան, թե՞ ոչ, բայց գործող իշխանությունները տարածել են տեղեկությունը։ Ընդ որում, ադրբեջանցի պատգամավորների այցի լոբբինգը հայաստանյան ԶԼՄ-ներում իրականացնում է՝ փաշինյանական վարչախմբի այսպես կոչված «սորոսական» թևը, որն էլ, Ադրբեջանի հետ համակողմանի գործակցության հիմնական գաղափարախոսն է։

Ադրբեջանցի պատգամավորներին Երևան հրավիրելը Նիկոլ Փաշինյանի իշխանության համար կարևոր է երկու առումով։ Առաջինը, ցույց տալ, որ վարչախումբը հավատարիմ է իր իսկ հռչակած «խաղաղության դարաշրջանին», և, երկրորդ, շոշափել հայ հանրության տրամադրությունները։ Գաղտնիք չէ այն ատելությունը, որ հատկապես 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում կա Ադրբեջանի և նրա տեղական գործակալների նկատմամբ։ Ադրբեջանցիների անվտանգությունը, բնականաբար, Հայաստանում չափազանց լավ է ապահովվելու։ Ընդդիմադիր որոշ շրջանակներ, բնականաբար, բողոքի ակցիաներ կանեն ադրբեջանցիների այցի դեմ, իսկ այդ ակցիաների սակավաթիվ լինելն իշխանությունը կօգտագործի միջազգային ասպարեզում համոզելու, թե հայ հանրությունը բնավ էլ դժգոհ չէ Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղության դարաշրջան հաստատելու փաշինյանական փորձերից։

Ըստ էության, այս առաջին այցը կօգտագործեն հանրության շրջանում խաղաղասիրական դժգույն ու դժբախտ գաղափարները տարածելու, նաև հանրային տրամադրությունների զոնդաժի նպատակով։ Եվրանեսթի լիագումար նիստը Երևանում անցկացվել է նաև 2015 թվականին, սակայն ադրբեջանական պատվիրակությունը հրաժարվել էր Հայաստան գալ։ Այն ժամանակ Հայաստանի պատվիրակության ղեկավարը հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանն էր։ Նախկին պատգամավորը հիշեցրեց՝ հրաժարվել էին` պատճառաբանելով, թե Եվրանեսթը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Եվրանեսթի շրջանակում վերջին անգամ Բաքվից պատգամավորներ Երևան ժամանել են 2012 թվականին։ Նույն տարում էլ Երևանից են մեկնել, որոնց թվում է եղել Արտակ Զաքարյանը։ Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց՝ 2017-ին, Եվրանեսթի շրջանակում Երևանից Բաքու են մեկնել պատգամավորներ Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը։ Միջազգային տարբեր նիստերի շրջանակում Երևանից Բաքու այցեր էլի են եղել։

Ռուբեն Նահապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular