ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի հագով նոր կոստյում են կարում․ սահմանադրական փոփոխությունների քննարկումն ընթացքի մեջ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը երեկ իր երկրորդ նիստն է անցկացրել և դարձյալ 2 ժամից ավելի քննարկել է առավելապես տեխնիկական հարցեր։ Խորհուրդն առայժմ քննարկում է մասնագիտական հանձնաժողովի անդամների հարցը, որոշվել է առավելագույն ձայներ ստացած հինգ թեկնածուների անունները ներկայացնել վարչապետին։ Ու թեպետ խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը պնդում է, որ որևէ գաղտնի հանձնարարական չունի Նիկոլ Փաշինյանից, իսկ կառավարման ձևի ընտրությունը մնալու է խորհրդի ուսերին, ակնհայտ է, հենց Նիկոլ Փաշինյանն է որոշելու, թե ինչպես իրավական հիմքեր ստեղծի՝ իր պաշտոնավարումը երկարաձգելու նպատակով։ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են մասնակցել խորհրդի աշխատանքներին, միայն բարձրաստիճան պաշտոնյաներ են, իշխանամերձ իրավապաշտպաններ և արտախորհրդարանական երկու ուժերի ներկայացուցիչներ։
 
Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ մշակելու համար նման մի հանձնաժողով ստեղծվել էր դեռ 2020 թվականին, որի աշխատանքները պաշտոնական մեկնաբանությամբ ձախողվեցին քովիդի և պատերազմի պատճառով։ Երկու դեպքում էլ առանցքային հարցերից մեկը կառավարման համակարգի փոփոխությունն է։ Ինքը՝ Փաշինյանը առավել հակված է խորհրդարանական կառավարման համակարգը պահպանելուն, թեև նախկինում բազմիցս է նշել կիսանախագահական համակարգի անցնելու անհրաժեշտության մասին։ Անդրեասյանը երեկ անդրադարձել է դիտարկմանը, թե սահմանադրական փոփոխություններ նախաձեռնվում են իշխանության վերարտադրման նախադրյալներ ստեղծելու համար, ասել, թե Նիկոլ Փաշինյանի իշխանության երկարաձգման անսպառ հնարավորություն լավագույնս տալիս է հենց գործող Սահմանադրությունը. «Եթե պետք լինի, կարող է 5 անգամ էլ վարչապետ վերընտրվել, 10 անգամ էլ, և որևէ սահմանափակում չկա, այնպես որ նախկին փորձից կամ սեփական արշինով չափել ամեն մի նախաձեռնություն ճիշտ չի լինի: Եթե որևէ ցանկություն լիներ ուղղակի ուժեղ վարչապետական համակարգով անվերջ պաշտոն ունենալ, ապա այս Սահմանադրությունը դրա բոլոր հնարավորությունները տալիս է»:
 
Ըստ էության, նախարարի այս սայթաքումը վկայում է, որ եթե խորհուրդը որոշի պահպանել խորհրդարանական կառավարման համակարգը, փաստացի, իշխանությունը մտադիր է երկարաձգել իր պաշտոնավարումը՝ անկախ հանրային տրամադրություններից։ Գործող իշխանությունները նախկիններին մեղադրում էին իրենց հագով կոստյում կարելու մեջ իսկ այսօր հենց փաշինյանական վարչախումբն է վերաձևում Սահմանադրությունը և այն հարմարեցնում իր քիմքին։ Իրավապաշտպաններն էլ բողոքում են, թե գործող Սահմանադրությունը անհրաժեշտ մեխանիզմներ չի տալիս խորհրդարանին՝ վերահսկելու հատկապես ուժայինների աշխատանքը։ Ի վերջո, աշխատանքն ավարտելուց հետո կլսենք այդ իրավապաշտպաններին՝ արդյո՞ք նոր խմբագրությունը կտա այդ մեխանիզմները, թե՞ ոչ։ Համենայն դեպս, խորհուրդը որոշել է 10 օրը մեկ նիստ գումարել, ինչը նշանակում է, որ վարչախումբը շտապում է սահմանադրական փոփոխություններ նեխաձեռնելու հարցում։
 
Վահագն Պետրոսյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular