ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միութենական պետության ուրվականը չոքել է Հայաստանի դռանը․ ո՞վ է մեղավոր և ի՞նչ անել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ հանրության մի ստվար հատվածը ցնցումների մեջ է: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, խոսելով միութենական պետությանն անդամակցելու մասին, անհրաժեշտ է համարել սառը հաշվարկ անել, կշռել Հայաստանի հնարավորությունները։ Քոչարյանի հայտարարությունն, իհարկե, խնդրահարույց է, սակայն առաջին հերթին պետք է հասկանալ՝ ինչպե՞ս ստացվեց, որ անկախացումից երեք տասնամյակ անց Հայաստանում կրկին սկսել են խոսել որևէ այլ պետության անդամ դառնալու, ինքնիշխանությունը կորցնելու մասին, և ո՞վ է մեղավոր։ Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, թե իր կարծիքով՝ Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությունն այսօր ինտեգրացիոն գործընթացների տեսանկյունից խիստ զիջում է Եվրամիությանը։

«Ըստ իս, ապրիորի, չպետք է վախենալ նման ինտեգրացիոն գործընթացներից։ Պարզապես պետք է նստել և հաշվարկել՝ ի՞նչ կստանանք դրանից և ի՞նչ ստիպված կլինենք զիջել։ Պետք է սառը հաշվարկ անել։ Նման առաջարկներ դեռ չեն ստացվել։ Ամեն դեպքում, իմ նախագահության օրոք այս հարցը չի քննարկվել։ Ի դեպ, մենք նույնպես նման նախաձեռնությամբ հանդես չենք եկել։ Մենք չէինք կարծում, որ դրա անհրաժեշտությունը հասունացել է»,- նկատել էր Քոչարյանը։

Ինքնիշխանության կորստի մեջ մեղքի իրենց բաժինն ունեն թե՛ նախկին իշխանությունները, թե՛ առավելապես, Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչախումբը։ Տասնամյակներ շարունակ հնարավոր էր արդար հասարակություն ստեղծել, հնարավորություն ընձեռել հանրությանը զարգանալ, տնտեսական և քաղաքական առումով ամուր պետություն ստեղծել, արդիականացնել և վերազինել բանակը, ճիշտ բաշխել ազգային հարստությունը, որպեսզի հնարավոր լիներ խուսափել թե՛ 44-օրյա պատերազմում կրած պարտությունից, թե՛ զանգվածային այն ապատիայից, որ այսօր կա Հայաստանում։ Հայաստանի բոլոր իշխանությունները ձգտել են հնարավորինս նվազեցնել ժողովրդի կրթական մակարդակը, կյանքի որակը, պաշտպանվածությունն ու ժողովրդավարությունը։ Իհարկե, այդպես ավելի հեշտ էր կառավարել ամբոխի վերածված հանրությանը։ Սակայն հենց այդտեղ էլ թաղված է շան գլուխը։ Եվ, ի վերջո, հանգել ենք մի իրավիճակի, երբ նույնիսկ երկրի նախկին ղեկավարներն են բացեիբաց խոսում անկախության կորստի միջոցով գործոն դառնալու հնարավորության մասին։

Վստահ ենք՝ Հայաստանն այսօր էլ ունի հնարավորություն զարգանալու, վերականգնվելու, իրապես գործոն դառնալու։ Սակայն ոչ գործող իշխանությունների օրոք։ Թշնամու քարոզչական թեզերով առաջնորդվող քաղաքական ուժերը պետք է հեռանան, նրանց փոխարինեն կիրթ, հայրենասեր, ողջամիտ և ռացիոնալ մտածող գործիչներն ու ուժերը։ Հայաստանի Հանրապետությանն ամենաշատը իրատեսություն է հարկավոր, դրանից հետո հնարավոր կլինի վերականգնվել։

Արթուր Աբրահամյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular