ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախցիները ստիպված են համախմբվել ընդհանուր թշնամու դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունների տոտալ անգործության պայմաններում, ծանրագույն կացության մեջ հայտնված Արցախի բնակիչներն ու քաղաքական ուժերը ստիպված են ինքնուրույն լուծել իրենց անվտանգային խնդիրները։ Վերջին օրերին նշանակալի երեք իրադարձություն է եղել, որոնք ապացուցում են մեր այս պնդման իրավացիությունը։ Մի խումբ արցախցիներ երեկ Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի մերձակայքում փակել են ադրբեջանական ռազմական տեխնիկայի շարասյան ճանապարհը, և հրաժարվել բացել այն, նույնիսկ ռուս խաղաղապահների պահանջից հետո։ Արցախցիները նման կերպ իրենց բողոքն են արտահայտել ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտման վերջին դեպքերի առնչությամբ։ Գյուղացիները բորբոքված են, քանի որ փետրվարի 15-ին ադրբեջանցիների կրակոցից հենց Մաղավուզ գյուղի մոտակա դիրքում էր վիրավորվել ժամկետային հայ զինծառայող Խաչատուր Խաչատրյանը։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն օրերս հայտարարել էր, թե մտադիր են «ամենակարճ ժամկետներում» ձերբակալել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: ՀՅԴ Արցախի կառույցը, «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» և «Արդարություն» կուսակցությունը համատեղ հայտարարություն են տարածել՝ արձագանքելով Ադրբեջանի դատախազության հոխորտանքին։

«Արցախի Հանրապետության նախագահի դեմ ուղղված Ադրբեջանի դատախազության՝ վերջերս արված հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Արցախի ժողովրդի ու նրա պետականության դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սպառնալիքի և հայատյացության հերթական դրսևորում: Չնայած ներքին քաղաքական կյանքում Արցախի Հանրապետության նախագահի հետ ունեցած մեր տարաձայնություններին՝ առաջնորդվելով բացառապես հանրային ու պետական շահերով՝ չենք կարող անտարբեր մնալ Արցախի Հանրապետության պետականության ինստիտուտներից որևէ մեկի նկատմամբ բացահայտ ոտնձգության հանդեպ»,- ասվում է Արցախի ընդդիմադիր ուժերի հայտարարության մեջ։

Արցախի նախագահն էլ վերջին օրերին մի ամբողջ նշանակումներ է արել՝ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին տարբեր պաշտոնների նշանակելով՝ այդկերպ արցախյան քաղաքական ուժերի միջև փոխվստահության մթնոլորտ ամրապնդելով։

«Ադրբեջանական իշխանությունների հայտարարությունը` կապված Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ հայտարարված քրեական հետապնդման հետ, սեփական պատերազմական հանցանքները քողարկելուն, միջազգային հանրությանը մոլորեցնելուն և Արցախի խաղաղ բնակչությանն ահաբեկելուն ուղղված հերթական քայլն է: Ադրբեջանական իշխանությունները միշտ են վարել Արցախն արտաքին աշխարհից մեկուսացնելու, մարդու իրավունքները խախտող, խաղաղության դեմ ուղղված պատերազմական հանցանքները թաքցնելու քաղաքականություն` կեղծելով փաստերը: Սրանով շարունակաբար կոպիտ կերպով խախտել են մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի միջազգային բացարձակ պահանջները»,- իրենց համատեղ հայտարարության մեջ նշել են Արցախի և Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանները:

Ինչպես նկատեցիք, Հայաստանի գործող իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել թե՛ Արայիկ Հարությունյանի դեմ սկսված արշավին, թե՛ Մարտակերտի բնակիչների արդար վրդովմունքին։ Երբ բացակայում է փաշինյանական վարչախմբի աջակցությունը, Արցախում ստիպված են լինում ինքնակազմակերպվել, իրենց ունեցած ռեսուրսներով և միջոցներով ապահովել սեփական անվտանգությունը, պայքարել թշնամու դավադիր գործողությունների դեմ։

Արսեն Զաքարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular