ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր շոու՝ փաշինյանական «անարդարադատության» կատարմամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դատարանն արգելանք է դրել հետախուզման մեջ գտնվող Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ընտանիքին պատկանող գույքերի նկատմամբ։ Ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում Խաչատրյանների ընտանիքն իր ունեցվածքի օրինականությունն ապացուցելու համար իրավապահներին պետք է հիմնավոր բացատրություններ ներկայացնի։

Տարիներ շարունակ մամուլը գրում էր Սուրիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ավելի քան մեկ տասնյակի հասնող շենք-շինությունների, մի քանի տասնյակ հեկտարներով հողատարածքների, երևանյան նրա շքեղ առանձնատան մասին։ Այժմ էլ, արգելանքի մասին տեղեկություններ տարածելով, գործող իշխանություններն ընդամենը նոր շոու են ապահովում, իսկ ապօրինի գույքի բռնագանձման որևէ դրվագով հպարտանալու առիթ չունեն։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո հանրության հիմնական ակնկալիքներից մեկը երկրից թալանածի հետ վերադարձն էր, մեղավորներին՝ օրենքի ամբողջ խստությամբ պատժելը։ Արդյունքում, սակայն չնչին միջոցներ են վերադարձվել պետբյուջե, իսկ նախկին իշխանության օդիոզ դեմքերի վերաբերյալ ուժի մեջ մտած որևէ դատավճիռ չկա չորս տարվա ընթացքում։

Ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը օր չկար, որ չխոսեր սաշիկսարգսյանների ու գագիկխաչատրյանների մասին։ Սաշիկ Սարգսյանը ընդամենը 32 միլիոն դոլար վերադարձրեց բյուջե և այժմ ազատության մեջ է, իսկ նրա կողմից որևէ հանցանքի կատարման փաստ հանրությունն այդպես էլ չի տեսել։ Փաշինյանն ու իր վարչախումբը ահռելի հարստության կուտակման մեջ էին մեղադրում երկրորդ ու երրորդ նախագահներին, նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչների։ Եվ ի՞նչ, որևէ դատական վճիռ չկա։ Փոխարենը, փաշինյանական վարչախումբը շարունակում է իր մարտավարությունը։ Գտնել նախկին իշխանության ամենավարկաբեկված դեմքերին, նրանց վերաբերյալ սենսացիոն տեղեկություններով շեղել հանրության ուշադրությունը՝ մինչ իրենք զբաղված են Հայաստանի գլխին նորանոր վտանգներ բերելով։ Ուրախ կլինեինք, եթե այս պնդումը սխալ լիներ, սակայն տարիների փորձը ստիպում է մտածել հենց այդպես։

Գրիգոր Ներսիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular