ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը և Ռուսաստանը շահերի հետ կապված որևէ տարաձայնություն չունեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանն ու Ադրբեջանը դաշնակցային փոխգործակցության հռչակագիր են ստորագրում։

Այս թեմայի մասին զրուցել ենք իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։

Հարցին, թե ի՞նչ է նշանակում այդ հռչակագիրը և ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում` իրավապաշտպանն ասաց. « Սա նորություն չէ մեզ համար, երկար տարիներ այդ ուղղությամբ իրադարձությունները զարգացել են։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը և Ադրբեջանն ունեն շատ ավելի ռազմավարական ընդհանուր շահեր, որը զարգացել է այն աստիճանի, որ հնարավոր են համարում դաշնակցային հարաբերություններ ձևավորել։ Չնայած այդ երկրներն արդեն ունեին դաշնակցային պայմանագիր, բայց այս իրավիճակում սա ուղերձ է, որ Ադրբեջանը և Ռուսաստանը շահերի հետ կապված որևէ տարաձայնություն չունեն»։

Հարցին, թե Հայաստանն ի՞նչ քայլեր պետք է անի` իրավապաշտպանն ասաց. «Հայաստանը շատ ավելի շուտ քայլեր պետք է ձեռնարկեր՝ 2018 թվականից հետո։ Ռուսաստանի Դաշնության զարգացման վեկտորը բոլորովին այլ ուղղությամբ է գնում, այսինքն կոշտ ավտորիտարիզմ, ընդհուպ մինչև կառավարման բնույթով բռնապետություն, որը շատ ավելի սերտ մոտեցում ունի մեկ անձի կողմից անժամկետ կառավարման համակարգի հետ, որը ձևավորվել է նաև Ադրբեջանում, որը նույնպես հանդիսանում է բռնապետական պետություն։ Այս առումով Հայաստանը պետք է թեկուզ ծանր այս իրավիճակում հասկանա մի բան, որ իր, այսպես կոչված, ռազմավարական դաշնակից հանդիսացող Ռուսաստանի հետ ավելի քիչ շահեր ունի։ Ընդհանրապես Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին չի էլ վերաբերվում որպես ինքն իր շահերն ունեցող պետություն, և որպես միավոր դիտարկում է Ադրբեջանին, որի հետ միավորվելու, միասին գործելու հնարավորություն ու նպատակ է տեսնում։ Պուտինը վաղուց է ասել, որ ինքը Լեռնային Ղարաբաղը դիտարկում է որպես Ադրբեջանի մաս, դա նորություն չէ։ Այլ հարց է, որ Հայաստանի քաղաքական վերնախավը համառորեն քաջություն չի դրսևորում՝ առերեսվելու այդ ակնհայտ դիրքորոշման հետ և ըստ դրա ձևավորելու իր հարաբերություններն աշխարհում, միջազգային հանրության մեջ իր տեղը գտնելու, որովհետև բոլոր այն խոսքերը, թե Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, ձևափոխվել են վաղուց։ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանում իր անվտանգության շահերն է հետապնդում և ոչ թե Հայաստանի։ Եվ նաև ակնհայտ է Ռուսաստանի Դաշնության ղեկավարության՝ Պուտինի տարբերակված մոտեցումը, երբ մի դեպքում Դոնբասի, Լուգանսկի ռուսախոս բնակչությանը դիտարկում է որպես ինքնորոշման իրավունքի իրականացնող, ավելին, ցեղասպանության զոհ, դա այն դեպքում, երբ 44-օրյա պատերազմում և ոչ միայն 44-օրյա պատերազմում Ղարաբաղի բնակչությունը ենթարկվել է ցեղասպանվելու վտանգի։ Եվ այսքանով հանդերձ Վլադիմիր Պուտինը գտնում է, որ Ղարաբաղի հարցը համարյա լուծված է և դրանով ըստ էության իր քաղաքական աջակցությունն է հայտնում Ալիևի նմանատիպ հայտարարությանը, որ «չկա Ղարաբաղի հարց այլևս»։

Այսինքն, Պուտինի համար Ղարաբաղի բնակչության անվտանգության հարցը, ցեղասպանվելու վտանգը ստորադասում է իր պետական շահերին։ Եվ այստեղ Հայաստանը պետք է իր հստակ դիրքորոշումներն ունենա և այդ դիրքորոշումների տեսակետից իր քաղաքականությունը մշակի, ոչ թե շարունակի մնալ որպես Ռուսաստանի Դաշնության շահերի սպասարկողը Հարավային Կովկասում, որը տարիներ շարունակ եղել է։ Հեղափոխությունը շատ լավ հնարավորություն էր՝ այդ վիճակից դուրս գալու, որը նույնպես չարվեց։ Եվ հիմա մենք շատ ավելի ծանր վիճակում ենք հայտնվել՝ հնարավորությունների մսխման պատճառով»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular