ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս-ուկրաինական պատերազմը տնտեսական ցնցումներ է առաջացնելու Հայաստանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուս-ուկրաինական պատերազմը տնտեսական և քաղաքական լուրջ հետևանքներ է առաջացնելու ոչ միայն հակամարտող կողմերի, այլև տարածաշրջանի համար։ Մինչ այս պահը Հայաստանի գործող իշխանությունները կամ իշխանական քարոզչամեքենան որևէ հստակ և ողջամիտ վերլուծություն չեն ներկայացրել, թե ինչ հետևանքներ կունենա այդ պատերազմն ու ՌԴ դեմ արևմտյան պատժամիջոցները Հայաստանի համար, և արդյո՞ք մեր երկիրը պատրաստ է տնտեսական ցնցումներին։

Ռուսական ներխուժմանը զուգահեռ Միացյալ Նահանգներն ու այլ երկրներ հայտարարեցին ՌԴ դեմ բազմապիսի պատժամիջոցներ ներդնելու մասին։ Երեկոյան էլ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնեց, որ սառեցվելու են ռուսական բանկերի, այդ թվում՝ Հայաստանում գործունեություն ծավալող ՎՏԲ-ի ակտիվները, գրեթե 1 տրիլիոնի չափով։ Ռուսաստանը մեծ և ռեսուրսաշատ պետություն է, ինքն է սկսել պատերազմը, ու թերևս ունի որևէ տարբերակ՝ պատժամիջոցներից և տնտեսական անկումից խուսափելու կամ նվազագույն կորուստներով դուրս գալու համար։

Համավարակից հետո Հայաստանի տնտեսությունը դեռ չի էլ վերականգնվել, ու, հաշվի առնելով, որ ՀՀ թիվ մեկ առևտրային գործընկերը Ռուսաստանն է, անվրեպ կարելի է կանխատեսել, որ Հայաստանի համար տնտեսական խնդիրներն առավել լայն են լինելու։ Անկախության 30 տարիների ընթացքում Ռուսաստանն է եղել Հայաստանի թիվ մեկ տնտեսական գործընկերը, Հայաստանում ամենաշատ ներդրումներն արել են ռուսական ընկերությունները, իսկ Հայաստանից արտահանումն ու դեպի Հայաստան ներմուծումներում ամենամեծ բաժինը հասնում է Ռուսաստանին։ Ամեն տարի տասնյակ հազարավոր հայեր արտագնա աշխատանքի են մեկնում ՌԴ, շատերն էլ վաղուց արդեն հաստատվել են Ռուսաստանում և գումարներ են փոխանցում Հայաստան՝ իրենց մերձավորներին։

Ըստ էության, ՌԴ-ից տրանսֆերտների նվազում է լինելու, նաև ռուբլու փոխարժեքի անկումը հարվածելու է ՀՀ բնակչությանը։ Պատժամիջոցները կարող են ազդել նաև գնաճի վրա։ Հայաստանի իշխանություններն առայժմ լռում են, ինչպես լռել են սովորաբար, ցանկացած արտակարգ դեպքի ժամանակ։ Իսկ հանրությունն իր կաշվի վրա է զգալու ռուս-ուկրաինական բախման հետևանքները։

Միքայել Պետրոսյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular