ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայի և Բաքվի հռչակագիրը աշխատում է տարածաշրջանում անվտանգության ամրապնդման ուղղությամբ. Զախարովա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը կամրապնդի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ փոխգործակցությունը։

Այս մասին ուրբաթ օրը ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովան։

«Մենք կկատարենք մեր բոլոր պարտավորությունները Երևանի նկատմամբ, որը մեր վաղեմի և մերձավոր դաշնակիցն է: Համոզված ենք, որ Բաքվի հետ նշված հռչակագրի ստորագրումը կուժեղացնի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ համագործակցությունը»,- ասել է Զախարովան։

Նա ընդգծել է, որ հռչակագիրն ուղղված չէ երրորդ երկրների դեմ: «Այն կոչված է ամրապնդելու տարածաշրջանային անվտանգությունը։ Սա նրա դրույթներից մեկն է։ Ռազմաքաղաքական կապերի թեման քննարկվում է ինչպես Բաքվի, այնպես էլ Անկարայի հետ։ Միաժամանակ մենք ունենք փոխշահավետ համագործակցության ընդհանուր ձևաչափեր՝ մասնավորապես 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակը։ Դրա շրջանակներում, բացի Ադրբեջանից և Թուրքիայից, մենք համագործակցում ենք Իրանի և Հայաստանի հետ և բաց ենք պահում դուռը Վրաստանի համար»,- ասել է նա։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ, հաշվի առնելով տարածաշրջանում փոփոխված աշխարհաքաղաքական իրողությունները, Ռուսաստանը մշտապես թարմացնում է Հայաստանի հետ երկկողմ օրենսդրական դաշտը, որն ունի մոտ 200 փաստաթուղթ։

Իսկ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագիրը, ըստ նրա, աշխատում է տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ։

«Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորմանը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, ապա Ադրբեջանի հետ դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը (իսկ դա 9-րդ կետն է) պարունակում է հատված, որով կողմերը փոխադարձաբար կխթանեն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանագրերի դրույթների կատարման ջանքերը»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով` 10-րդ կետը նախատեսում է, որ կողմերը կհամագործակցեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից բխող խնդիրների լուծման գործում և սերտորեն կաշխատեն տարածաշրջանի պետությունների միջև երկարաժամկետ խաղաղության հաստատման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular