Ռուսաստանին ներքաշում են ճահճի մեջ․ տարածաշրջանին առաջիկայում «սառը օրեր» են սպասվում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՌուս-ուկրաինական պատերազմն ամբողջ թափով շարունակվում է արդեն երրորդ օրը, ռուսական զինված ստորաբաժանումները ընդհուպ մոտեցել են Կիևին, և Ուկրաինայի պարտությունը օրերի, եթե ոչ՝ ժամերի հարց է։ Արևմուտքը, որ Ուկրաինային ահռելի քանակությամբ զենք և ֆինանսական միջոցներ է տրամադրել, այժմ ընդամենը հերթապահ հայտարարություններով և ՌԴ-ի դեմ պատժամիջոցներով ավելի է սրում իրավիճակը։ Ուկրաինայի հետ կատարվողը ևս մեկ ապացույց է, թե ինչպես են գերտերություններն օգտագործում փոքր երկրների պոպուլիստ իշխանություններին՝ նրանց միջոցով կրակից շագանակներ հանելու, մրցակիցներին էլ ճահիճը ներքաշելու համար։ Թեպետ ՌԴ դեմ որոշ պատժամիջոցներ ծիծաղ են հարուցում, ինչպես Եվրատեսիլից զրկելը, փաստ է, որ պատժամիջոցների մեջ մասը ծանր տնտեսական հետևանքներ են ունենալու թե՛ Ռուսաստանի, թե՛ վերջինիցս կախված պետությունների համար։ Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը կասկած չի հարուցում, սակայն այդ հաղթանակը ծանր գնով է տրվելու։
Ըստ ամենայնի, Ուկրաինան կդառնա նոր Աֆղանստան Ռուսաստանի համար, իսկ ՌԴ թուլացումը այս պահին ձեռնտու է միայն Արևմուտքին։ Իհարկե, ԱՄՆ-ը և եվրոպական պետությունները բնավ չեն տուժում, տուժում է միայն ուկրաինացի ժողովուրդը, որն իր կաշվի վրա է զգում պատերազմի բոլոր դառնությունները։
Նույնպիսի իրավիճակ էր նաև 2008 թվականին, երբ Արևմուտքը, փաստացի, մենակ թողեց Վրաստանին Ռուսաստանի դեմ։ Եվ այսօր բոլորովին զարմանալի չէ Վրաստանի իշխանությունների ողջամիտ պահվածքը, երբ հրաժարվեցին մասնակցել ՌԴ դեմ պատժամիջոցներին։ Ի դեպ, այդ հայտարարությունից հետո սրվել է ներքաղաքական իրավիճակը Վրաստանում, արևմտամետ ընդդիմությունը փորձում է բողոքի ակցիաներ սադրել։
ՌԴ դեմ պատժամիջոցներից տուժելու է նաև Հայաստանը։ Հայաստանի իշխանությունն ու առաջատար ընդդիմադիր ուժերը, իհարկե, գտնվում են ռուսական ազդեցության տակ, առայժմ քաղաքական լուրջ ճնշումներ չկան՝ Լուգանսկի և Դոնեցկի ճանաչման հարցով։ Սակայն չի բացառվում, որ ինչ-որ պահի ՀՀ գործող վարչախմբին նաև դա պարտադրվի։ Դրանից հետո արդեն ՀՀ դեմ ևս պատժամիջոցներ ներդնելը ընդամենը տեխնիկայի հարց է։ Այլ հարց է, թե ինչ ծանր տնտեսական հետևանքներ այդ հանգամանքը կունենա Հայաստանի շարքային քաղաքացու վրա։
Արամ Ոսկանյան