ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքացիական պայմանագրում» կրքերը հանգիստ չեն․ Փաշինյանին չի հաջողվել զսպել թիմակիցներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արշալույսները խաղաղ չեն․ սրվել են հին փաշինյանականների և նորելուկ իշխանականների հարաբերությունները։ Իշխող թիմում, ի սկզբանե նոր մի քանի խմբավորումներ էին ստեղծվել, որոնցից յուրաքանչյուրը սեփական օրակարգն էր առաջ մղում, փորձում ազդեցություն ունենալ Նիկոլ Փաշինյանի վրա։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, առնվազն երեք խմբավորում կա իշխանության մեջ, իսկ պատգամավորների զգալի մասն ընդհանրապես դուրս է մնացել ներկուսակցական քննարկումներից, նրանց մասին հիշում են միայն կոճակ սեղմելու հանձնարարություններ տալիս։ 

ՔՊ-ական պատգամավորներին, մասնավորապես զայրացրել է այն հանգամանքը, որ երկրի համար կարևորագույն հարցերը Նիկոլ Փաշինյանը քննարկում է միայն ՔՊ վարչության հետ, որի կազմում միայն հին կուսակցականներն են։ Հենց վերջիններս են առաջատար դիրքեր զբաղեցնում կուսակցության մեջ։ Այս փաստը հատկապես ծանր են տանում ՔՊ-ի ցուցակով պատգամավոր դարձած, ավելի տարիքով և փորձառու անձինք՝ Անդրանիկ Քոչարյանը, Վիգեն Խաչատրյանը, Գուրգեն Արսենյանը։ Փաշինյանը նրանց օգտագործում է նախկինների դեմ արշավներում, սակայն այդ անձանց ազդեցությունն առանձնապես մեծ չէ թիմի վրա։ 

Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը քանիցս հորդորներով ու սպառնալիքներով փորձել է կանխել թիմում առաջացած տարաձայնությունները, սակայն ապարդյուն։ Որոշ դեպքերում այդ հակասությունները նույնիսկ հրապարակային տեսք են ստացել։ Զորօրինակ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում կատարվածը, երբ «Շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանը բավական չոր և կոպիտ տոնով Անդրանիկ Քոչարյանին պարտադրեց լռել և չմիջամտել իր ելույթին։ 

Ամռանը կայանալու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հերթական համաժողովը, որտեղ ընտրելու են կուսակցության՝ 21 հոգուց բաղկացած վարչությանը։ Գործող կազմից առնվազն երեք անդամներ՝ Լիլիթ Մակունցը, Սիփան Փաշինյանն ու Արման Բոշյանը կլքեն վարչության կազմը, իսկ մյուսները մտադիր են կրկին առաջադրել իրենց թեկնածությունը։ Փաշինյանը հակված է վարչության կազմը կրկին իր ամենահավատարիմ մարդկանցով համալրելու, բայց ՔՊ անդամների որոշ մասը մտադիր է լուրջ անակնկալ մատուցել՝ առաջադրել սեփական թեկնածուներին և անցկացնել նրանց վարչության կազմ։ Համաժողովին, որոշ գնահատականներով, մինչև հազար մարդ է մասնակցելու, և այս մարտավարությունը կարող է աշխատել։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարող է թուլանալ սեփական կուսակցության մեջ։

Խաչատուր Գևորգյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular